Գլխավոր Վերլուծություն «Գիտելիքն ամենաառաջին զենքն է»․ Կին սակրավորի հաջողության պատմությունը

«Գիտելիքն ամենաառաջին զենքն է»․ Կին սակրավորի հաջողության պատմությունը

1644
Տարածել

Պարամեդիկ, բանասեր, ճգնաժամային կառավարման մասնագետ․ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական ինժեներական ջոկատի Բ խմբի պետ, փ/ծ կապիտան Ռուզաննա Օսիպովայի նախասիրությունները բազմաթիվ են։ Թեպետ փրկարար ծառայությունում անցկացրած 14 տարվա ընթացքում հասցրել է «փոքրիկ կարիերա» ստեղծել, սպայական կոչման հասնել, սակայն մասնագիտական կրթությունն իր ամենամեծ ձեռքբերումներից է համարում։ Շուտով «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» կպաշտպանի մագիստրոսական թեզը։

-Ինչու՞ որոշեցիր արտակարգ իրավիճակների համակարգ մտնել։ Բանասիրությամբ ու բուժական գործով հնարավոր չէ՞ր ավելի մեծ հեռանկարներ ունենալ։

-Հանգամանքների բերումով այնպես ստացվեց, որ 2008 թվականին պարամեդիկի հաստիքում աշխատանքի անցա այստեղ։ Հիշում եմ՝ այդ ժամանակ էր, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը ձեւավորվեց: Մեր՝ պարամեդիկների թիմն ամեն դեպքի մասնակցում էր, լիներ հրդեհ, վթար թե ցանկացած կենցաղային կանչ։ Առաջին կրթությունս եւ պարամեդիկի 6 տարվա աշխատանքս ամբողջ կյանքի համար մնայուն գիտելիք տվեցին։ «Այրում» կայարանի տարածքում գրանցված սողանքը, «Սպայկա» ընկերության պահեստի հրդեհը լավագույնս ցույց տվեցին մեր առավելություններն ու թերությունները, մեր աշխատանքի դժվարությունը։ Այսօր առաջին օգնության տարրական հմտություններ պիտի ունենա ամեն ոք, որովհետեւ մի փոքր օգնությունն էլ կարող է մարդու կյանք արժենալ։
2014-ին սպայական կոչում ստացա եւ տեղափոխվեցի ինժեներական ջոկատ։ Բանասիրական կրթությունից ձեռք բերած անգլերենի իմացությունը միշտ պետք է գալիս, հատկապես՝ արտերկյա վերապատրաստումների եւ մասնագիտական նյութեր թարգմանելու ժամանակ։

-Սակրավորություն․ չափազանց վտանգավոր զբաղմունք չէ՞ կնոջ համար։ Ի՞նչ ես սովորել այս աշխատանքում եւ ի՞նչ ես սովորեցնում քո ծառայակից ընկերներին։ Ռազմարդյունաբերության արագ զարգացման ֆոնին հնարավո՞ր է միշտ տեղյակ լինել վերջին նորություններից։

-Արդեն հինգ տարի է՝ սակրավորական ջոկատում եմ։ Այստեղ կարեւորն ինքնակրթությունն է․ աշխարհում ամեն օր նոր զինատեսակներ են արտադրվում, պիտի համընթաց քայլես այդ ամենի հետ։ Youtube հարթակում բավական բովանդակային տեսանյութեր կան, մնում է ժամանակ գտնել ու ուսումնասիրել դրանք։ Սկզբում ինձ համար էլ քաոսային էր թվում, սակայն ամեն ինչ ժամանակի հետ հարթվեց։
Այս աշխատանքը շատ պատասխանատու է, հասարակ սխալմունքը կարող է ճակատագրական դառնալ։ Պիտի գիտելիք ունենաս, անվտանգությունդ պահպանես, համարձակ լինես․ սա վախկոտ մարդու տեղ չէ։ Պիտի հասկանաս, որ այս գործը 50-50 է, ռիսկ միշտ կա։
Գրեթե բոլոր կանչերին գնում եմ։ Երբ դեպքի վայրում դժվար իրավիճակում եմ հայտնվում, խորհրդակցում եմ ջոկատիս հրամանատարի հետ։ Զինամթերքի ահազանգ սպասարկելը սովորաբար թիմային աշխատանք է․ մեկտեղ հավաքվում են հրշեջ-փրկարարները, սակրավորները, կինոլոգը եւ այլն։ Նախորդ տարի Քաջազնունի փողոցում ավազակային հարձակման դեպք ունեցանք․ տարադրամի փոխանակման կետում հանցագործները նռնակ էին նետել։ Բարեբախտաբար չէր պայթել, բայց պաշտպանիչ ձգանը վրան չէր։ Կարողացանք անվտանգ տեղափոխել ու վնասազերծել։ Արդյունաբերական պայթեցման աշխատանքներ էլ ենք անում, ինչպես «Ձյունիկ» սառնարանի դեպքում։ Հիմնական խնդիրը մնում են ռումբի կեղծ ահազանգերը։

-Ի՞նչ է նշանակում կին լինել այս տղամարդկային համակարգում։ Արդյո՞ք քո գիտելիքն ու պոտենցիալը լիովին իրացնում ես։ Ի՞նչն ես կարեւորում ջոկատի ծառայողների հետ շփման մեջ։

-Այս համակարգում, մեր ջոկատում ես ինձ լիարժեք եմ զգում։ Այսօր գենդերային խնդիր գրեթե չկա, կանայք տղամարդկանց հավասար պաշտոններ են զբաղեցնում։ Վերցնենք, թեկուզ, մեր հայոց բանակը, որում մեծ թվով կին սպաներ են աշխատում եւ հասնում հաջողությունների։ Կարեւոր չէ՝ կին ես, թե տղամարդ, եթե խելացի միտք ես արտահայտում, քեզ կլսեն, կընդունեն, կհարգեն։ Գիտելիքը քո ամենաառաջին զենքն է։
Շփման մեջ ուղղամիտ եմ․ սխալի դեպքում մատնանշում եմ, լավ արարքի դեպքում՝ խրախուսում։ Հարգում եմ ամենքի անցած ճանապարհը։

-Եթե չեմ սխալվում, ինժեներական ջոկատը 44-օրյա պատերազմի ընթացքում ԱԻՆ համահավաք գումարտակի կազմում էր, մասնակցում էր ռազմական գործողություններին։ Պատմի՛ր, խնդրում եմ, այդ օրերին քո զգացողությունների մասին։

-Շատ բառեր չկան՝ ապրածս նկարագրելու։ Աղջիկներին թույլ չտվեցին գնալ, ամեն օրս սկսվում-ավարտվում էր սպասումով։ Բոլորի հետ կապի մեջ էի։ Փառք աստծո՝ բոլորը վերադարձան։

-Ինչպիսի՞ն է Ռուզաննա Օսիպովան ծառայությունից դուրս։

— Որքան լուրջ, խիստ ու պահանջկոտ եմ համազգեստ կրելիս, այնքան փխրուն ու նրբազգաց եմ աշխատանքից ազատ առօրյայում։ Ինձ գրավում է մարդու անկեղծությունը, պարզությունը, մաքրությունը։ Կեղծիքը միանգամից եմ նկատում․ եթե մարդ կեղծում է, ուրեմն ամեն ինչի ընդունակ է։
Միօրինակություն չեմ սիրում, ձանձրանում եմ․ միշտ փոփոխություն է պետք, թեկուզ՝ ճամփորդության տեսքով։ Պասիվ հանգստի սիրահար եմ, սիրում եմ ծովը։

-Ի՞նչն է քեզ կյանքում ոգեշնչում։

— Հավատը, որ վաղն ավելի լավ է լինելու։

-Ի՞նչ կասես այսօրվա հայ կնոջ սոցիալական դերի, զբաղվածության, ձգտումների մասին։

-Հայ կինը դարձել է ուժեղ, կայուն, ինքնավստահ, զարգացած, խնամված։ Հայ կինն այսօր լիդեր է, ու զարմանալի կերպով հասցնում է համատեղել ամեն ինչ ՝ աշխատանք, ընտանիք,անձնական կյանք։

-Ունե՞ս նվիրական երազանք։

-Երեւի ոչ թե երազանք է, այլ ցանկություն՝ ընտանիք կազմել ու շատ երեխաներ ունենալ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Ռուզաննա Օսիպովան

Բանալի բառեր
Ռուզաննա Օսիպովա, մարտի 8