Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արգելափակումից հանվել է 39 մեքենա

Արգելափակումից հանվել է 39 մեքենա

163
Տարածել

Հունվարի 31-ից փետրվարի 6-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 403 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 92 հրդեհ՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 14 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 140 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 50-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Աջափնյակ, Կենտրոն, Նոր նորք, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն, Էրեբունի,Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Լոռիում, Արմավիրում, Վայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 39 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 62 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ եւ «Եռածնկանի սանդուղքի հանումը հրշեջ ավտոմոբիլի վրայից, դրա տեղադրումը ուսումնական աշտարակի վրա. եռածնկանի սանդուղքի վրա աշխատելը փողրակով», «Օղակի կազմով մարտական բացազատում՝ մայրուղային փողրակագծեր փռելով, ավտոբաքը ջրաղբյուրի վրա կանգնեցնելով եւ առանց կանգնեցնելու», «Հրդեհաշիջման մարտավարության նշանակությունը: Հրդեհաշիջման մարտավարության նպատակները եւ խնդիրները: Անվտանգության տեխնիկան հրդեհաշիջման, մարտավարական գործողությունների ժամանակ» մարտավարական պարապմունքներ: