Գլխավոր ՀՀ ՆԳՆ Նախագիծ. «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենք

Նախագիծ. «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենք

309
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը:

Ըստ նախարարության, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, ինչը չի համապատասխանում ներկայիս միջազգային պահանջներին, մասնավորապես՝ Կայուն զարգացման նպատակներին եւ Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրին: Մասնավորաբար՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքով մանրակրկիտ ձեւով կարգավորված չեն այն միջոցառումների շրջանակը, հիմնական ուղղությունները, որոնք ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը, արձագանքմանն ու վաղ վերականգնմանը, ինչպես նաեւ հետաղետային վերականգմանը: Գործող օրենքով եւ դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերով աղետների ռիսկի կառավարման գործընթացը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակն ավելի սահմանափակ է եւ ոչ լիարժեք, մինչդեռ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում պետք է համակարգված եւ օպերատիվ կերպով իրականացնեն աղետների ռիսկի նվազեցումը, արձագանքումը եւ այլ միջոցառումների իրականացումը: Կանոնակարգված չեն արտակարգ իրավիճակի կառավարման մակարդակները, որոնք ենթադրում են հանրապետական, մարզային, համայնքային եւ տեղային բնույթի:

2018-2019 թվականներին Հայաստանի պետական կառավարման համակարգում տեղի ունեցած կառուցվածքային եւ գործառութային փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել գործող օրենքը համապատասխանեցնել ներկայիս կառավարման համակարգին:

Նախագծով հստակեցվում եւ ընդլայնվում են պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակը, ապահովվում է աղետների ռիսկի կառավարման ապակենտրոնացման գործընթացը, կարգավորվում են արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկերի նվազեցման, վաղ վերականգնման եւ արձագանքման, հետաղետային վերականգնման գործընթացներից բխող միջոցառումների պատշաճ ապահովման գործընթացը:

Սահմանվում են նաեւ արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմքերը, հայտարարելու մասին որոշման ընդունման հնարավորությունը, որի բովանդակության մեջ ներառվում է` հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները, հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը, այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է արտակարգ իրավիճակ, արտակարգ իրավիճակից բխող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձանց շրջանակը, ուժի մեջ մտնելու եւ գործողության ժամկետները, ինչպես նաեւ որոշման հրապարակման առանձնահատկությունները: Նախագծով առանձնահատուկ ուշադրություն է դարձվում առավել խոցելի խմբերին:

Նախագծի ընդունման արդյունքում կկատարելագործվի աղետների ռիսկի կառավարման ոլորտի իրավական դաշտը, կսահմանվեն նոր հասկացություններ, որոնք չկան «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքում եւ այլն:

Առավել մանրամասն՝ այստեղ