Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արգելափակումից հանվել է 330 մեքենա

Արգելափակումից հանվել է 330 մեքենա

2994
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 434 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ 73 հրդեհ է գրանցվել՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 17 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 166 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 70-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Արաբկիր, Կենտրոն, Շենգավիթ, Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Նոր նորք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Լոռիում, Արարատում, Կոտայքում, Գեղարքունիքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 330 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 463 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական հաստատություններում կազմակերպել են «Բուհի աշխատակիցների եւ ուսանողների տարհանումը հրդեհի դեպքում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: