Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հայաստանը մասնակցում է ԱՌՆ 7-րդ գլոբալ պլատֆորմին

Հայաստանը մասնակցում է ԱՌՆ 7-րդ գլոբալ պլատֆորմին

1805
Տարածել

Մայիսի 23-28-ը Ինդոնեզիայի Բալի կղզում անցկացվում է «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» յոթերորդ համաժողովը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները՝ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյան, աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանը:
«Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» առաջին անգամ անցկացվել է 2007 թվականից՝ երկու տարին մեկ անգամ: 2015-ին չի անցկացվել, քանի որ կազմակերպվել էր աղետների ռիսկի նվազեցման Սենդայի համաժողովը: Յոթերորդ պլատֆորմը 2021-ին չանցկացվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Յոթերորդ պլատֆորմի կարգախոսն է՝ «Ռիսկից դեպի դիմակայունություն կորոնավիրուսից փոփոխված աշխարհում»:
Նախատեսված է քննարկել տասնյակ հարցեր. վաղ ազդարարման համակարգեր, սոցիալական, տնտեսական, ենթակառուցվածքային հետաղետային վերականգնում, կանանց դերը աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրում, «Պետություն-մասնավոր գործընկերություն» աղետների ռիսկի նվազեցման ոլորտում, կանաչ վերականգնում, կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունը զարգացումների եւ ձեռքբերումների վրա, նորարարական մոտեցումներ, տեղական մակարդակում ռիսկերի կառավարում եւ այլն:
Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանի խոսքով, գլոբալ պլատֆորմը սեփական ձեռքբերումները ներկայացնելու, այլոց փորձին ծանոթանալու կարեւոր հարթակ է: ԱԻՆ փոխնախարար Արա Նազարյանը մասնակցելու է նախարարական կլոր սեղաններին, որտեղ ներկայացվում են երկրի ձեռքբերումները, օրենսդրական դաշտի բարելավումները, մարտահրավերներին արձագանքման կարողությունները, աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի ֆինանսավորման ձեւերը՝ պետական, մասնավոր, դոնոր կազմակերպություններ:
Արմինե Հայրապետյանը կմասնակցի ԱՌՆ ծրագրերում հասակարության խոցելի խմբերի սոցիալական պաշտպանության թեմայով նիստին: Բալիում քննարկվելու է Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման միջանկյալ գնահատականը: Գնահատմանը մասնակցել է 13 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: Այս թեմայով նիստերից մեկը վերաբերելու է արդյունաբերական աղետներին եւ դրանց վնասներին, նիստի գլխավոր զեկուցողը եւ համակարգողը Արմինե Հայրապետյանն է: Նա խոսելու է արդյունաբերական աղետների դեպքում բազմակողմ համագործակցությունից՝ գիտական հանրություն-դոնոր կազմակերպություններ-պետական կառույցներ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Հ.Գ. «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» յոթերորդ համաժողովի մասին առավել մանրամասն՝ հավաքի ավարտից հետո: