Գլխավոր Հրշեջ-փրկարարներ «Լավագույն հրշեջ-փրկարարական ջոկատ-2019»․ Թումանյանի ՀՓՋ

«Լավագույն հրշեջ-փրկարարական ջոկատ-2019»․ Թումանյանի ՀՓՋ

3075
Տարածել

2011 թվականից անցկացվող «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնում 2019 թվականին «Լավագույն հրշեջ-փրկարարական ջոկատ» է ճանաչվել Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջփրկարարական ջոկատը։

Զրուցել ենք ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արմեն Բարսեղյանի հետ։

Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի կազմավորման, հանրապետական եւ միջազգային մրցույթներում հաջողությունների մասին հիշատակումներ կան դեռ 1942 թվականից։

Ջոկատի անձնակազմն այսօր 31 հոգի է, սպասարկում է 33 բնակավայր, որից 4-ը քաղաքային, 29-ը՝ գյուղական։ Տեխնիկական պարկն ամբողջությամբ համալրվել է 2019-2020 թվականներին։ Տարբեր ծրագրերով ստացել են երկու ISUZU մակնիշի ամենագնաց, մեկ «Կամազ» մակնիշի մեքենա, 30 մետր բարձրության հնարավորությամբ նոր ավտոսանդուղք, փոքր մեխանիզացիայի միջոցներ, նորագույն փրկարարական սարքավորումներ։

Նախորդ տարի վերանորոգվել է ջոկատի շենքը․ փոխվել են ջրագծերը, կոյուղին, էլեկտրական մալուխները, անցկացվել է ջեռուցում թե՛ շենքում, թե՛ ավտոկայանատեղիում։

Ջոկատում բոլորը ճանաչում եւ հպարտությամբ պատմում են նախկին հրշեջների մասին, որոնք ակտիվ մասնակցել են Սպիտակի երկրաշարժից եւ Այրում կայարանի մոտ սողանքից հետո վթարավերականգնողական ու փրկարարական աշխատանքներին, ինչպես նաեւ Արցախյան ազատամարտին։ Այսօր էլ մեր հայրենիքի պաշտպանության գործին ջոկատից կամավորագրվել է երեք ծառայող, նրանց թվում՝ ավագ հրշեջ Արթուր Հովհաննիսյանը, որի համար սա երկրորդ մեծ պատերազմն է։

Նախորդ տարին Ալավերդու տարածաշրջանում հրդեհաշատ է եղել։ Հիշարժան են 2019 թվականի հունիսին Հաղպատի վանատանը բռնկված երկրորդ կարգի բարդության հրդեհը, որն ամբողջությամբ մարվել է Թումանյանի ՀՓՋ-ի ուժերով, օգոստոսին բենզինով բեռնված գլանատակառների խոշոր հրդեհը։ «Մեր երկու հրշեջմեքենաներն առաջինն էին հասել հրդեհի վայր։ Կրակի լեզվակները մոտ 70-80 մետր բարձրության էին հասնում։ Բարեբախտաբար կարողացանք մեքենաները ճիշտ կայանել, լիցքավորել եւ սառեցման միջոցով իջեցնել կրակի մակարդակը»,- վերհիշում է Արմեն Բարսեղյանը, որը մոտ 1,5 ժամ ղեկավարել է հրդեհաշիջման աշխատանքները մինչեւ փրկարար ծառայության տնօրինության եւ օգնական ուժի ժամանելը։ Այս դեպքին օպերատիվ արձագանքման համար պարգեւատրվել են ջոկատի մի շարք ծառայողներ, իսկ հրամանատարը վաղաժամկետ ստացել է փոխգնդապետի կոչում։

Ջոկատի սպասարկման տարածքը բարդ է թե՛ ռելիեֆի, թե՛ երկրաբանական երեւույթների հաճախականությամբ։ Հրամանատարը կատակում է՝ չկա մի տարերային երեւույթ, որ Լոռու մարզում չհանդիպի։ Բնակավայրերից հեռավորը Ահնիձոր գյուղն է, որտեղ հասնելու համար պետք է լեռնային 46 կմ ճանապարհ կտրել։ Անբարեկարգ են նաեւ Աքորի, Կաճաճկուտ, Ծաղկաշատ, Վրաստանին սահմանակից Ջիլիզա գյուղի ճանապարհները։ Շուտով ձմեռ է, աշխատանքն ավելի է բարդանում, սակայն թումանյանցի վարորդները հմտացել են։ Մինչեւ նախորդ տարի մեծ խնդիր էր ջրի լիցքավորումը։ 2019 թվականին փրկարարների ջանքերով տեղադրվել է 16 հիդրանտ, իսկ այն տեղանքներում, որտեղ հնարավոր չէ եղել հիդրանտ տեղադրել, որոշ հնարամիտներ ստեղծել են հրշեջ-մեքենայի փողրակը ջրի խողովակին միացնելու ինքնաշեն սարքավորում։

Հալոցքից եւ տեղումներից ամեն տարի վարարում է Դեբեդ գետը, ինչը մեքենաների արգելափակման պատճառ է դառնում։ Քարաթափման վտանգ կա ամենուր՝ Օձուն-Ալավերդի, Ալավերդի-Ծաղկաշատ, Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհներին․ եղել են նաեւ դժբախտ պատահարներ։ Արհեստական քարաթափման աշխատանքները պարտադիր են եւ շարունակական։ Նախորդ տարի մեծ սողանք գրանցվեց Թումանյան համայնքում, որի շարժը հնարավոր եղավ կանգնեցնել փրկարարների եւ երկրաբանների ջանքերով։

Արմեն Բարսեղյանի բնութագրմամբ՝ Թումանյանի ջոկատն իսկական ընտանիք է․ աշխատողների մեջ կան կին-ամուսին, քույր-եղբայր, ինչը միայն օգնում է ծառայությանը։ Տարվա մեջ երկու տոն անպայման միասին են նշում՝ քաղաքացիական պաշտպանության եւ ԱԻՆ աշխատակցի օրը։ Լավագույնի կոչումը ջոկատը վաստակել է իր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ․ մարտական եւ տակտիկական պատրաստությունը միշտ բարձր է, որակավորման քննությունները հանձնում են միայն դրական արդյունքներով։ Ջոկատի փրկարարների մեծ մասը արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներ են եւ ուսանողներ։ Հրամանատարը գիտելիքին մեծ տեղ է հատկացնում՝ հավելելով, որ եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցման օրենքի ընդունմամբ շատ ծառայողներ կդիմեն ակադեմիա՝ մասնագիտություն ձեռք բերելու։ «Եթե հրշեջ-փրկարարական ջոկատներում հարցում անեք, միանշանակ բոլորը կասեն, որ իրենցն է լավագույնը։ Համամիտ եմ․ ես կարող եմ մտնել ցանկացած ջոկատ՝ ինչպես իմ հարազատի տուն, եթե պարզապես ճանապարհին կայանելու կամ օգնության կարիք ունեմ։ Մեզ մոտ լավագույններն են ծառայում։ Վստահությունն ու հարգանքը մեր աշխատանքի հիմքն են»,- ասում է հրամանատարը։

Պատերազմական այս ժամանակաշրջանում, երբ ամեն ոք փորձում է թիկունքից իր լուման ներդնել, մակուլատուրայի վաճառքից Լոռու մարզն արդեն 2 միլիոն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Նախաձեռնությանը մասնակցել են նաեւ Թումանյանի ջոկատի փրկարարները:

Արմեն Բարսեղյանը հպարտանում է՝ այս դժվար օրերին Ալավերդու շրջանը կարողացել է ինքնակազմակերպվել, որոշ համայնքապետարաններում եւ դպրոցներում սկսել են քողարկող ցանց կարել։ Կարի ֆաբիկաներից մեկում փրկարարները սկսել են առաջին բուժօգնության դասեր։ Բոլորը միավորվել են՝ հանուն հաղթանակի։

Հրամանատարը

Փոխգնդապետ Արմեն Բարսեղյանը 2004 թվականից ծառայության է անցել Օձունի հենակետում, եղել է Ալավերդու ՀՓՋ-ի ջոկատի հրամանատարի տեղակալ, իսկ 2012 թվականից՝ Թումանյանի ՀՓՋ-ի հրամանատար։ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ է, երկու զավակի հայր։

Փորձառու փրկարարի խոսքով՝ հաջողակ ղեկավար լինելու բանաձեւը պարզ է․ հրամանատարը չպետք է մեծամիտ լինի, այլ ամեն ինչում լավատես, շփվող։ Պետք է իմանա իր ծառայողի հնարավորությունների չափը, չպահանջի ավելին, քան վերջինս կարող է, սակայն քիչ-քիչ բացահայտի եւ առավելագույնին հասցնի փրկարարի ներուժը։

Խոսելով հրամանատարի աշխատանքի դժվարություններից՝ խոստովանում է՝ երբ պայմանները սուղ էին, տեխնիկան եւ գույքը՝ սահմանափակ, ծառայողից գերազանց աշխատանք պահանջելը ճիշտ չէր։ Սակայն այսօր ամեն ինչ այլ է։ Ջոկատը հզորացել
է, կարողանում է ավելի օպերատիվ, անվտանգ արձագանքել կանչերին։ Ինչ էլ լինի, խստությունն ու պահանջկոտությունը պետք է չափավոր լինեն, որպեսզի ծառայողն իրեն բավարարված ու պարտավորված զգա։ Չէ՞ որ կողք կողքի են գիշեր-ցերեկ, առանց հանգստյան օրերի։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արմեն Բարսեղյանը

Հ․Գ․ «Արիության համաստեղություն-2019» մրցույթի այլ հաղթողներ․

«Լավագույն խմբի պետ-2019»․ Հայկ Դավթյան

«Լավագույն հերթափոխի պետ-2019»․ Արսեն Ավագյան

«Լավագույն հրշեջ-փրկարար-2019»․ Բագրատ Եղիազարյան

«Լավագույն հրշեջ-փրկարար-2019»․ Էդգար Գրիգորյան

«Լավագույն փրկարար-2019»․ Աղասի Ավետիսյան