Գլխավոր Վերլուծություն ՀԿ-համայնք համագործակցության հեռանկարները ԱՌՆ ոլորտում

ՀԿ-համայնք համագործակցության հեռանկարները ԱՌՆ ոլորտում

3423
Տարածել

Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամի» (UK CSSF) կողմից ֆինանսավորվող «Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում» ծրագրի շրջանակում իրականացվել է «Աղետների ռիսկի կառավարում եւ համայնքային դիմակայության ամրապնդում» թեմայով չորս եռօրյա դասընթաց: Կազմակերպել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը՝ Ստեփանավանի «Լոռէ» փրկարար ջոկատի ու «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի ակտիվ աջակցությամբ։ Նպատակն էր հզորացնել դասընթացում ներգրավված հասարակական կազմակերպությունների՝ աղետների ռիսկի նվազեցման եւ քաղաքացիական պաշտպանության կարողությունները, խթանել համայնք-ՀԿ ձեւաչափով համագործակցության ձեւավորումը: «Աղետների ռիսկի կառավարում եւ համայնքային դիմակայության ամրապնդում» դասընթացին մասնակցել է 22 ՀԿ-ի 62 ներկայացուցիչ:

Կազմակերպիչների խոսքով, թեմաները բազմաթիվ էին. ԱՌՆ հիմունքներ, գենդերային հիմնախնդիրները՝ ԱՌՆ համատեքստում, կանանց հատուկ կարիքները արտակարգ իրավիճակներում (հատուկ շեշտադրվել է վերարտադրողական առողջությունը, մոր եւ մանկան առողջության պահպանման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը), քաղաքացիական պաշտպանության համակարգը, բնակչության պաշտպանության ձեւերն ու դրանց կազմակերպման մեխանիզմները, ԱՌՆ պլանավորման ընդունելի ձեւաչափը նախադպրոցական ուսումնական հաստատությունների մակարդակում:

Դասընթացների ընթացքում ներկայացվել է «Տեղական մակարդակում ռիսկերի կառավարում» մեթոդաբանությունը՝ որպես Հայաստանի համայնքային ռիսկերի բացահայտման, գնահատման եւ վտանգների կանխմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումների ներկայացման ընդունելի ձեւաչափ։ Ծրագրի շրջանակում արդեն գնահատվել էր 62 բնակավայր: Մասնակիցներին տրամադրվել են 62 բնակավայրի գնահատման հաշվետվությունները: Սրանց հիման վրա, դասընթացին մասնակից հասարակական կազմակերպությունները, նույն ծրագրի շրջանակում եւ ֆինանսավորմամբ, կմշակեն ռիսկի նվազեցման ծրագրեր:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է Վահան Հարությունյանը: