Գլխավոր Վերլուծություն ՀՆՓԱԻԿ-ն ամփոփում է լողասեզոնը. Դեռ կան անուշադիր ծնողներ

ՀՆՓԱԻԿ-ն ամփոփում է լողասեզոնը. Դեռ կան անուշադիր ծնողներ

3357
Տարածել

Ավարտվեց ամառային լողասեզոնը։ Ջրափրկարարներ երկու ամիս ուժեղացված ռեժիմով Սեւանա լճի հանրային լողափերում ապահովեցին անվտանգությունը։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Շողակաթի հենակետում հերթապահություն էր իրականացնում ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» ջրասուզական ջոկատը։

Հրամանատար, փ/ծ կապիտան Ալբերտ Մարտիրոսյանի խոսքով՝ այս տարի երեք խումբ է ներգրավվել, ընդհանուր՝ 12 ծառայող։ Լճում մահվան դեպքեր չեն ունեցել՝ չնայած հանգստացողների մեծ հոսքին։ Մոտորանավակով եւ ազդարարման սարքը ձեռքին՝ ջրափրկարարները շրջել են լճով մինչեւ ուշ գիշեր։ «Միայն երեխաների հետ կապված 5-6 դեպք ենք ունեցել, երբ ծնողները, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, նրանց թողել են տեսադաշտից դուրս։ Բարեբախտաբար կարողացել ենք փրկել։ Զավեշտ է, բայց փոխանակ իրեն մեղադրելու՝ նույն ծնողը գալիս ու սկսում է երեխայի վրա բարկանալ, փորձում ապտակել։ Սաստել ենք ու հորդորել ավելի զգոն լինել»,- մանրամասնում է հրամանատարը։

Ալեկոծության ժամանակ ռետինե նավակով բաց լիճ դուրս գալը շատերին փորձանքի է բերել։ Ալբերտ Մարտիրոսյանը մտաբերում է մի դեպք, երբ ընտանիքը` երեխայի հետ, ռետինե նավակով հայտնվել էր մեծ խորության վրա։ Նավակը սկսել էր ջրալցվել։ Փրկարարները կարողացել են ժամանակին գտնել տուժածներին, հանգստացնել վախեցած երեխային եւ նավակը քարշակով հասցնել ափ։

Վերջին տարիներին Շորժայի հանրային լողափում մեկ այլ խնդիր կա․ ջրի մակարդակի բարձրացմանը զուգընթաց՝ հատված ծառերն անցել են ջրի տակ։ Տարածքին անծանոթ լողորդները հաճախ վնասում են վերջույթները, իսկ փչովի նավակները՝ ծակվում։ Հատուկ տեխնիկայի միջոցով ջրափրկարարներն արմատախիլ են արել որոշ ծառեր, սակայն այդքանը բավարար չէ։

Ամռանը ջոկատն արձագանքել է նաեւ կանչերի հանրապետության մյուս ջրային տարածքներից։ Երեք ջրահեղձված է դուրս բերվել Սիսիանի, Ապարանի եւ Ազատի ջրամբարներից։ Ապարանի ջրամբարում որոնողական աշխատանքները տեւական են եղել՝ ջրի աղտոտվածության եւ տեսանելիության բացակայության պատճառով։ Սիսիանի ջրամբարն ընկած քաղաքացին եղել էր մեքենայով, որն ամբողջովին խորտակվել էր։ Մեքենան հայտնաբերելու եւ դուրս բերելու համար պահանջվել էր բավական ժամանակ եւ մարդկային ուժ։

Լողասեզոնին գրանցվել է նաեւ դժբախտ պատահար Մեղրիի ջրվեժի տարածքում, որին, հրամանատարի խոսքով, նույնիսկ տեղացիները ծանոթ չէին։ Բարձրությունից գահավիժող ջրվեժի մոտ լուսանկարվելիս մի երիտասարդ սայթաքել եւ ընկել է ջուրը։ Նրան օգնության է հասել ընկերուհին, որին մի կերպ է հաջողվել փրկել։ «Ջրվեժ տանող անտառամիջյան ճանապարհը դժվարանցանելի էր, վայրի կենդանիներ կային, դեպքի վայր ենք հասել միայն առավոտյան։ Այն տեղում, որտեղ տղան խեղդվել էր, վեց մետր խորություն էր։ Երկու կողմից մեծ ուժով ջուր էր թափվում, կարող էր պտտել ջրասուզակին։ Հունիս էր, օդը սառն էր, որոշեցինք մի քիչ սպասել, որ ջրի հոսքը հանդարտվի։ Սակայն ապարդյուն»,- վերհիշում է հրամանատարը։ Ի վերջո ռիսկի էին գնացել, եւ ջրասուզակ, փ/ծ ենթասպա Խաչատուր Մուրադյանը կարողացել էր դուրս բերել ջրահեղձվածին, ինչի համար վերջերս արժանացել է «Անվեհեր փրկարար» մեդալի։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը տրամադրել են փրկարարները