Գլխավոր ՀՀ ՆԳՆ Տեղ համայնքի կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատը մեքենա կունենա

Տեղ համայնքի կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատը մեքենա կունենա

3319
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, այսօր ՀՀ կառավարությունը որոշել է արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում հաշվառված «Զիլ-130 ԱԲ-40» մակնիշի հրշեջ ավտոմեքենան նվիրաբերել Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ համայնքին՝ համայնքում ստեղծվող կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի կողմից հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների իրականացման նպատակով:

Ըստ որոշման հիմնավորման, փրկարարական եւ արագ արձագանքման այլ ուժերի ստեղծումն ու զարգացումն անհրաժեշտ է արտակարգ իրավիճակներին ավելի արդյունավետ արձագանքելու համար: Հարցն առավել սուր է լեռնային համայնքներում: Այս որոշմամբ առավել արդյունավետ կդառնա լայնածավալ աղետների եւ հրդեհների կանխարգելումը, արձագանքումը եւ հետեւանքների վերացման աշխատանքների համակարգումը, կզարգանա կամավորական փրկարարական շարժումը, կապահովվի դեպքերի արդյունավետ եւ օպերատիվ արձագանքումը, նախքան հրշեջ-փրկարարական ջոկատի դեպքի վայր հասնելը հենակետի անձնակազմն առավել օպերատիվ կհասնի դեպքի վայր՝ կրճատելով արձագանքման ժամանակահատվածը:

Ներկայումս ԱԻՆ փրկարար ծառայությունն իրականացնում է ուսուցում ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի ստեղծելու նպատակով: Հենակետի ստեղծումից հետո պարբերաբար կկազմակերպվեն հրշեջ-փրկարարական հենակետի կամավորների, վարորդների ուսուցում տեղում, սկզբնական մասնագիտական պատրաստություն, վերապատրաստման ծրագրեր:

Տեղ համայնքի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը կլինի ութերորդը: 2015 թվականին կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ ստեղծվել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում, 2017 թվականին՝ Սյունիքի մարզի Գորայք համայնքում, 2019 թվականին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Արտանիշ բնակավայրում, 2021 թվականին կամավորական հրշեջ փրկարարական հենակետեր են ստեղծվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող բնակավայրում եւ ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Մարտիրոս բնակավայրում, Կոտայքի մարզի Գառնի եւ Լոռու մարզի Մեծ Պառնի համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետներ ստեղծելու որոշում կառավարությունն ընդունել է այս տարվա հուլիսին:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ