Գլխավոր ՀՀ ՆԳՆ Գառնի եւ Մեծ Պարնի համայնքների կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերը մեքենաներ կունենան

Գառնի եւ Մեծ Պարնի համայնքների կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերը մեքենաներ կունենան

3814
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, այսօր կառավարությունը որոշել է ԱԻՆ հաշվեկշռում գտնվող «Զիլ-130 ԱԲ-40» մակնիշի հրշեջ ավտոմեքենաները նվիրաբերել Կոտայքի մարզի Գառնի եւ Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքներին՝ նշված համայնքներում ստեղծված կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կողմից հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների իրականացման նպատակով:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի ապրիլի 7-ի N 274-Ա հրամանով հաստատվել է «Կամավոր հրշեջ-փրկարարների սկզբնական մասնագիտական պատրաստության ծրագիրը», ապրիլի 10-ի N 286-Ա հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ եւ հեռավոր բնակավայրերում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծման հեռանկարային ծրագիրը», իսկ հուլիսի 21-ի N 751-Ա հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձեւավորման եւ զարգացման հայեցակարգի իրականացման համար միջոցների ներգրավման ծրագիրը»: Այս ծրագրերով նախատեսված էր 2015-2019 թվականներին ստեղծել 33 հրշեջ-փրկարարական հենակետ, որոնք կսպասարկեն 210 համայնք: Համայնքները պարտավորվում են մշտապես ապահովել հրշեջ ավտոմեքենաները վառելիքաքսուքային նյութերով, անհրաժեշտ տեխզինվածությամբ, ավտոմեքենաների տեխսպասարկմամբ, հաստիքային վարորդներով, աջակցել հրշեջ-փրկարարական ջոկատներին:

2015 թվականին կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ ստեղծվել է Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում:

2017 թվականին կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ ստեղծվել է Սյունիքի մարզի Գորայք համայնքում:

2019 թվականին կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր են ստեղծվել Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Արտանիշ բնակավայրում եւ Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքում:

2021 թվականին կամավորական հրշեջ փրկարարական հենակետեր են ստեղծվել Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող բնակավայրում եւ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Մարտիրոս բնակավայրում:

Ներկայումս Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ իրականացվում է «Զարգացնել բնակչության պաշտպանության համակարգի կարողությունները կամավորական շարժման միջոցով» ծրագիրը՝ Կոտայքի մարզի Գառնի եւ Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր ստեղծելու նպատակով:

Նշված ծրագիրը ենթադրում է նաեւ տեխնիկական միջոցների ներդրում, հանդերձանքով ապահովում: Անհրաժեշտ տեխնիկայով եւ սարքավորումներով ապահովումը, հրշեջ տեխնիկայի եւ գույքի հատկացման, ինչպես նաեւ ուսուցման եւ ծառայության կազմակերպման աշխատանքներն իրականացնելու է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ու հենց այս նպատակին է ծառայում «Զիլ-130 ԱԲ-40» մակնիշի հրշեջ ավտոմեքենաները նվիրելու որոշումը: