Գլխավոր Միջոցառումներ PPRD East 3. Հանրային իրազեկումը պիտի մշտապես ցույց տա, թե ինչ ես...

PPRD East 3. Հանրային իրազեկումը պիտի մշտապես ցույց տա, թե ինչ ես անում

3032
Տարածել

Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տեխնածին եւ տարերային աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում» ծրագրի (Prevention, Preparedness and Response to natural and man-made disasters in Eastern Partnership countries` PPRD East) 3-րդ փուլի շրջանակներումկազմակերպվում են թեմատիկ տեսակոնֆերանսներ՝ վեբինարներ, որոնց մասնակցում են ծրագրի շահառու երկրների արտակարգ իրավիճակներին արձագանքման պետական լիազոր մարմնի ներկայացուցիչներ, փորձագետներ: Հոկտեմբերի 6-ին կազմակերպված վեբինարի թեման էր՝ «Շվեդիայում 2018 թվականի անտառային հրդեհներից քաղված դասեր, միջազգային աջակցություն եւ կարողությունների հզորացում ազգային եւ տեղական մակարդակներում»: Բանախոս՝ Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) բնակչության եւ քաղաքացիական պաշտպանության ծրագրերի համակարգող Աննա-Կարլին Համրե: Իսկ նոյեմբերի 3-ի վեբինարի թեման էր՝ «Միջգերատեսչական համակարգում, հանրային իրազեկումը Շվեդիայի ճգնաժամային կառավարման ոլորտում»: Բանախոս՝ Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) ճգնաժամային հաղորդակցության ծրագրերի համակարգող Ժոսեֆին Բարկ: Նոյեմբերի 3-ի վեբինարին մասնակցում էր ավելի քան 50 փորձագետ «Արեւելյան գործընկերության», Եվրամիության եւ այլ երկրներից՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուրկաինա, Իսպանիա, Նորվեգիա, Շվեդիա, Իսրայել եւ այլն:

Քանի որ աղետներին արձագանքումը երեք հարթություն ունի՝ աղետից առաջ, ընթացքում, հետո, Շվեդիայում շատ հարցեր երեք հարթության մեջ են դիտում: Օրինակ. արձագանքող ուժերը պետք է առաջնորդվեն երեք սկզբունքով՝ պատասխանատվություն, առավել մոտ լինեն հնարավոր աղետի տեղանքին, հասկական աղետների նմանությունը: Արձագանքող ուժերը երեք հիմնական դեր ունեն՝ դիմակայուն հասարակության ձեւավորում-պատրաստվածության բարձրացում, որոշումների եւ գործողությունների միասնական համակարգում, կարողությունների հզորացում-տեխնիկական զինվածության արդիականացում: Հանրային իրազեկման համար կիրառվում է երեք սկզբունք՝ ում ձայնով հոլովակն է առավել ազդեցիկ, կնո՞ջ, թե՞ տղամարդու, ում տեսքով պաստառը կամ տեսահոլովակը առավել ազդեցիկ կլինի կնո՞ջ, թե՞ տղամարդու, ինչպե՞ս է ընկալվում քարոզչական նյութը:

Ժոսեֆին Բարկի խոսքով, ճգնաժամը եւ քաղաքացիների կողմից դրա ընկալումը կարող են տարբեր լինել, ուստի հանրային իրազեկման համար պետք է օգտագործվեն բոլոր հնարավոր խողովակները՝ լրատվամիջոցներ, սոցիալական կայքեր: Պետք է ունենալ համագործակցող փորձագետների ցանց, անհրաժեշտության դեպքում նրանց միջոցով տեղեկություն տարածելու համար: Կարելի է օգտագործել նաեւ եկեղեցու հնարավորությունները, ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների կարողությունները. «տեղեկություն տնօրինողները պետք է ճիշտ համակարգեն առկա տեղեկությունները, որ իրար կրկնող կամ իրար հակասող հաղորդագրություններ չտարածեն, տեղեկություն տարածողները պետք է ճիշտ հարցեր տան: Ճգնաժամային հաղորդակցության գլխավոր խնդիրն է՝ ասել այն, ինչ բնակչությունն ուզում է լսել»: Ճգնաժամային հաղորդակցության ժամանակ տեղեկությունը պետք է լինի թափանցիկ, արդիական, վստահելի ու սրա արդյունքում մարդիկ կհավատան ու կհետեւեն պատկան կառույցների հրահանգներին: «Վստահություն ձեռք բերելը դժվար է, հանրային իրազեկումը պետք է մշտապես ցույց տա, թե ինչ ես անում, կատարելագործվելու տեղ միշտ կա», նկատեց Ժոսեֆին Բարկը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. PPRD East 3 ծրագրի շրջանակում կկազմակերպվի եւս երկու վեբինար: Դեկտեմբերի մեկին՝ «Գենդերային հավասարությունը, մարդու իրավունքները, շրջակա միջավայրը աղետների ռիսկի կառավարման հարթությունում», դեկտեմբերի 8-ին՝ «Վաղ ազդարարման համակարգի իտալական փորձը»: