Գլխավոր Վերլուծություն ԱՌՆ օրվա կարգախոսը՝ «Միայն միասին»

ԱՌՆ օրվա կարգախոսը՝ «Միայն միասին»

3359
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը հրապարակել է հոկտեմբերի 13-ի՝ «Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա» այս տարվա կարգախոսը՝ «Միայն միասին»:

Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1989 թվականին: 2009 թվականից նշվում է ամեն տարի: Նախ օրը անվանվեց «Աղետների վտանգի նվազեցման միջազգային օր», իսկ 2018-ին վերանվանվեց՝ «Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օր»:

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված օրվան նվիրված շատ միջոցառումներ կլինեն առցանց: Միայն հոկտեմբերի 13-ին՝ Միավորված ազգերի կազմակերպության աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը կանցկացնի «Սովորիր, արա, կիսվիր» կարգախոսով առցանց 7 քննարկում-սեմինար՝ «Աղետների ռիսկի տարածքային կառավարման մարտահրավերները COVID-19 դարաշրջանում», «ԱՌՆ ոլորտում տարածաշրջանային համագործակցության չինա-ճապոնա-կորեական փորձը», «ԱՌՆ ոլորտում մասնավոր ներդրումների աֆրիկյան երկրների փորձը», «Ընդդեմ աղետների միասնական աշխատանք առանց սահմանների» եւ այլն: Բանախոսների աշխարհագրությունը բավականին լայն է՝ Ավստրալիա, Կարիբյան ծովի երկրներ, խաղաղօվկիանոսյան երկրներ, աֆրիկյան երկրներ:

«Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օր» սահմանելու նպատակը աղետների ռիսկերի ոլորտում մարդկանց՝ հանրության, իրազեկվածության մակարդակի բարձրացումն է: Ամեն տարի ընտրվում է օրվա մեկ կարգախոս՝ «Լեռների կայուն զարգացման վտանգի նվազեցում», «Առկա ռիսկերի դեմ պայքար հանուն վաղվա վտանգների դեմ պայքարի», «Աղետների ռիսկի նվազեցման գործողություններ սկսած դպրոցից», «Աղետների ժամանակ հիվանդանոցների անվտանգություն», «Հատուկ կարիքներով մարդիկ՝ աղետների ռիսկի նվազեցման գործողություններում չօգտագործված ռեսուրս», «Դիմակայունություն հանուն կյանքի», «Գիտելիքներ հանուն կյանքի», «Անվտանգ տուն» եւ այլն:

«Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա» առիթով միջոցառումներ են լինելու նաեւ Հայաստանում:

Հ.Գ. Լուսանկարը համացանցով տարածել է Միավորված ազգերի կազմակերպության աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը: