Գլխավոր Վերլուծություն «Ամպրոպ 2021». ՔՈՓ թիմի 32-ժամյա վարժանք Տավուշում

«Ամպրոպ 2021». ՔՈՓ թիմի 32-ժամյա վարժանք Տավուշում

3644
Տարածել

Սեպտեմբերի 8-10-ը Տավուշի մարզում անցկացվել է մարզի քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմի «Որոնաղափրկարարական աշխատանքների կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով վարժանք: «Ամպրոպ 2021» պայմանական անվամբ վարժանքին մասնակցել է 34 փրկարար, ներգրավված են եղել փրկարական, բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաներ, որոնման եւ փրկարարական սարքեր եւ սարքավորումներ, փոքր մեխանիզացիա, առաջին օգնության ցուցաբերման պարագաներ եւ այլն: Վարժանքն անցկացվում էր «Որոնողափրկարարական աշխատանքների հարցերով միջզագային խորհրդատվական խմբի»՝ (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով: Ձեւավորվել էր «INSARAG-ի չափորոշիչներին համապատասխան ներքին որակավորման թիմերի վարժանքի գնահատման եւ մեթոդական օգնություն ցույց տվող աշխատանքային խումբ»՝ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գեւորգյան (ղեկավար), հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հայկ Նաղդալյան, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» փրկարարական ֆակուլտետի դեկան, փ/ծ գնդապետ Ռադիկ Մխիթարյան, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխերի բաժնի օպերատիվ հերթափոխի պետ, փ/ծ փոխգնդապետ Գարի Արմաղանյան, փրկարարական ուժերի վարչության ուժերի համակարգման բաժնի ավագ հրահանգիչ, ավագ լեյտենանտ Գեւորգ Խունոյան: Վարժանքի ընթացքին հետեւում էր ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը:

Վարժանքի սցենարի համաձայն, Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում գրանցվել է 7-8 բալանոց երկրաշարժ, տուժել է ավելի քան 40 շենք եւ շինություն, որոնցում բնակվում է մոտ 2500 մարդ: Մեծ վնաս են կրել ենթակառուցվածքները, արձանագրվել է գազի արտահոսք եւ պայթյուն: Կան թե թեթեւ, թե ծանր վնասվածքներ ստացած քաղաքացիներ, կան նաեւ զոհեր: Փլատակների մակերեսը՝ 24 300 քմ:

Ահազանգը ստանալուն պես կազմակերպվում է թիմի ղեկավար կազմի նախնական խորհրդակցություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ ապա անհրաժեշտ բոլոր քայլերը տուժած համայնք մեկնելու համար. անձակազմի բժշկական զննում, պատվաստումների արտոնագրերի եւ թիմի փաստաթղթերի ստուգում, նյութատեխնիկական սարքավորումների ստուգում, անձնական պատրաստվածության եւ անձնական գույքի ստուգում, թիմի հաղորդակցության, գործողությունների, անձնակազմի անվտանգության եւ ապահովության, նյութատեխնիկական ապահովման, փոխադրման, բժշկական, ընդհանուր տարհանման պլանների ճշգրտում եւ այլն:

Արդեն տեղում փրկարարները կապ են հաստատում տեղական իշխանության հետ, ընտրում իրենց բազայի համար անվտանգ տարածք, բացազատում բազան եւ անցնում հերթափոխով աշխատանքի՝ որոնման սարքերի օգնությամբ տուժածների հայտնաբերում, փրկարարական սարքավորումների կիրառմամբ տուժածների դուրս բերում, առաջին օգնության ցուցաբերում եւ այլն:

«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» փրկարարական ֆակուլտետի դեկան, փ/ծ գնդապետ Ռադիկ Մխիթարյանի խոսքով, վարժանքի արդյունքները բավականին լավ են, տղաները լավ էին պատրաստվել բոլոր հարթություններում՝ շտաբային աշխատանք-կառավարում, գույք-սարքավորումների պահպանում-խնամք-օգտագործում եւ այլն: «Եղան կյանքի համար ոչ վտանգավոր թերություններ, շտկումների համար առաջարկներ եւ դիտողություններ ներկայացրեցինք, հաջորդ վարժանքին այս թերությունները չեն կրկնվի», — նկատեց Ռադիկ Մխիթարյանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները