Գլխավոր Վերլուծություն Ջերմաստիճանի գլոբալ բարձրացման համար երեխաներն ամենաբարձր գինն են վճարելու

Ջերմաստիճանի գլոբալ բարձրացման համար երեխաներն ամենաբարձր գինն են վճարելու

3266
Տարածել

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության, Չադի, Նիգերիայի, Գվինեայի եւ Գվինեա-Բիսաուի երեխաների կյանքը, առողջությունը, կրթությունն ու պաշտպանությունը ամենաշատն են վտանգված կլիմայի փոփոխության ազդեցությունների հետեւանքով:

«Կլիմայական ճգնաժամը երեխայի իրավունքների ճգնաժամ է. երեխաների՝ կլիմայի փոփոխությունների նկատմամբ ռիսկայնության գործակից» խորագրով վերլուծությունն առաջինն է կոնկրետ երեխաների վրա կլիմայական ռիսկերի համատեքստում: Վերլուծության մեջ երկրները դասակարգված են ըստ այն վտանգների, որոնք սպառնում են երեխաներին կլիմայական եւ բնապահպանական ցնցումների, օրինակ՝ ցիկլոնների ու ջերմային ալիքների հետեւանքով: Հաշվի է առնվել նաեւ երեխաների՝ այդ ցնցումների նկատմամբ խոցելիությունն ու նրանց համար հիմնական ծառայությունների հասանելիությունը։

Հաշվետվությունում նշված է, որ աշխարհի բնակչության գրեթե 2․2 միլիարդ երեխայից մոտ 1 միլիարդն ապրում է «չափազանց բարձր ռիսկային» դասակարգված 33 երկրներից մեկում։ Այս երեխաները խոցելիության բարձր ցուցանիշով առերեսվում են կլիմայական եւ բնապահպանական բազմաթիվ ցնցումների մահացու ազդեցությանը՝ ջրի, սանիտարական պայմանների, առողջապահության եւ կրթության ոչ բավարար լինելու պատճառով: Վերլուծության մեջ նաեւ հավանական է գնահատվել այս թվի աճը՝ կլիմայական փոփոխությունների ազդեցությունների հաճախականության ավելացմանը զուգընթաց:

Երեխաների՝ կլիմայի փոփոխությունների նկատմամբ ռիսկայնության գործակիցը ցույց է տալիս, որ խիստ վտանգված են

· 240 միլիոն երեխայի կյանք՝ մակընթացությունների հետեւանքով,

· 330 միլիոն երեխայի կյանք՝ գետի հեղեղումների հետեւանքով,

· 400 միլիոն երեխայի կյանք՝ ցիկլոնների հետեւանքով,

· 600 միլիոն երեխայի կյանք՝ մակաբուծային հիվանդությունների հետեւանքով,

· 815 միլիոն երեխայի կյանք՝ կապարով աղտոտման հետեւանքով,

· 820 միլիոն երեխայի կյանք՝ ջերմային ալիքների հետեւանքով,

· 920 միլիոն երեխայի կյանք՝ ջրի սակավության հետեւանքով,

· 1 միլիարդ երեխայի կյանք՝ օդի չափազանց բարձր մակարդակի աղտոտման հետեւանքով:

Ըստ զեկույցի՝ ամենաշատ վտանգված երկրները ենթարկվում են բազմակի եւ գրեթե նույն ժամանակ տեղի ունեցող ցնցումների: Այսպիսով՝ 850 միլիոն երեխա՝ աշխարհում յուրաքանչյուր 3 երեխայից 1-ը, ապրում է այն տարածքում, որտեղ կլիմայական եւ բնապահպանական ցնցումներից առնվազն չորսը կարող են գրեթե միաժամանակ տեղի nունենալ։ 330 միլիոն երեխա՝ 7 երեխայից 1-ը, ապրում է այն տարածքում, որտեղ միաժամանակ կարող են հանդիպել կլիմայական եւ բնապահպանական առնվազն հինգ ցնցում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետտա Ֆորի խոսքով՝ կլիմայի փոփոխությունն խորապես անհավասարաչափ է տեղի ունենում: Թեեւ ոչ մի երեխա ջերմաստիճանի գլոբալ բարձրացման համար պատասխանատու չէ, նրանք ամենաբարձր գինն են վճարելու: Եթե չձեռնարկվեն ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման համար պահանջվող անհապաղ գործողություններ, երեխաները կշարունակեն ամենաշատը տուժել: Մեծահասակների համեմատ՝նրանց անհրաժեշտ է ավելի շատ սնունդ եւ ջուր իրենց մարմնի քաշի մեկ միավորի համար, բացի այդ՝ նրանք ավելի դժվար են դիմակայում եղանակային ծայրահեղ պայմաններին, ավելի անպաշտպան են թունավոր քիմիական նյութերի, ջերմաստիճանի փոփոխությունների, հիվանդությունների դեմ եւ այլն:

Կովկասյան երկրների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 163 երկրների շարքում բնապահպանական եւ կլիմայական գործոնների, երեխաների աղքատության եւ երեխաների վրա կլիմայական ռիսկերի ազդեցության ցուցանիշներով Հայաստանը 117-րդն է՝ կլիմայական ռիսկերի ազդեցության 3.7 գործակցով, Ռուսաստանը՝ 90-րդը՝ 4.6 գործակցով, Ադրբեջանը՝ 111-րդը՝ 3.8 գործակցով, Վրաստանը՝ 142-րդը՝ 2.6 գործակցով: Աշխարհի մասշտաբով ամենաբարձր գործակիցը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում է՝ 8.7:

Ինչ վերաբերում է ջերմոցային գազերի արտանետումներին, ապա Հայաստանում ածխաթթու գազի տարեկան արտանետումների քանակը կազմում է 5550 կիլոտոն (1 կիլոտոնը՝ 1000 տոննա): Այս համատեքստում ամենաբարձր ցուցանիշը Չինաստանինն է՝ 10 313 460 կիլոտոն: Թուրքիան եւս հայտնվել է գլոբալ արտանետումների քանակով եւ երեխաների վրա կլիմայական ռիսկերի ազդեցությունը մեծացնող թոփ 20 երկրների ցանկում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը խնդրի լուծումը տեսնում է երեխաների համար հիմնական ծառայություններում կառավարությունների, մասնավոր հատվածի եւ այլ դերակատարների ներդրումների մեծացման, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, կլիմայի փոփոխության վերաբերյալ բոլոր՝ ազգային, տարածաշրջանային եւ միջազգային բանակցություններում եւ որոշումներում երիտասարդների ներառման մեջ:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարներում՝ օգոստոսի 14-ին Հայիթի կղզում գրանցված երկրաշարժից տուժած երեխաները