Գլխավոր Միջոցառումներ «Աճել է վերականգնողական թերապիաների համար դիմող տղամարդկանց թիվը». ԱԻՆ փորձագետ-հոգեբան

«Աճել է վերականգնողական թերապիաների համար դիմող տղամարդկանց թիվը». ԱԻՆ փորձագետ-հոգեբան

3380
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ օգոստոսի 9-ից փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինն անցկացնում է թրեյնինգային ծրագրեր նախարարության աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամների հետ։ Թեմաներն են «Անձնային աճի թրեյնինգ արտ-թերապիայի միջոցով» եւ «Ընտանեկան կոնֆլիկտ․ կանխարգելումն ու հաղթահարումը»: Նպատակն է նպաստել մասնակիցների մտավոր եւ հուզական ներդաշնակ զարգացմանը, ձեւավորել ինքնակազմակերպման կարողություններ, բարձրացնել տարբեր սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրների նկատմամբ նրանց զգայունությունը, օգնել անձնային աճին։ Դասընթացի տեւողությունը 1,5-2 ժամ է՝ շաբաթական երկու օր, խմբերում առավելագույն ներգրավվածությունը՝ 10 մասնակից։

Մեզ հետ զրույցում հոգեբանական աջակցության բաժնի փորձագետ Արփինե Արգուշյանն ամփոփեց առաջին թրեյնինգի արդյունքները: Նրա խոսքով՝ արտ-թերապիան արդյունավետ մեթոդ է անձի ինքնաբացահայտման ու ինքնաճանաչման, ազատ ու անկաշկանդ ինքնադրսեւորման, ինքնավստահության բարձրացման, խնդիրների արդյունավետ լուծման համար: Դասընթացի ընթացքում կիրառվել են դրական մտապատկերների ամրապնդմանն ու կենտրոնացմանն ուղղված ռելաքսացիոն վարժություններ, մարդու կյանքի առաջնահերթությւունների դուրսբերմանն ուղղված իզոթերապեւտիկ, ինչպես նաեւ անհատական հուզական ոլորտի ճանաչմանն ուղղված արտ-թերապեւտիկ տեխնիկաներ, մտավոր, ֆիզիկական եւ հուզական ներդաշնակության ձեւավորմանն ուղղված աուտոթրեյնինգ: Մասնակիցները հնարավորություն են ունեցել փորձարկելու բաժնի ժամանակակից սարքավորումները: «Թեմաներն ընտրել ենք՝ հաշվի առնելով մասնակիցների հետաքրքրությունն ու հարցի արդիական լինելը: Դիմել են տարբեր տարիքային խմբի մարդիկ, քանակական առումով կանայք գերակշռում են»,- մանրամասնեց փորձագետը:

Այդուհանդերձ՝ Արփինեն նկատում է՝ փոխվել է տղամարդկանց կարծրատիպային մտածելակերպը, իբրեւ հոգեբանին դիմելու կարիք չկա: Աճել է վերականգնողական թերապիաների համար դիմող տղամարդ աշխատակիցների թիվը:

44-օրյա պատերազմից հետո հոգեբանների ուշադրության կենտրոնում է ԱԻՆ համահավաք կամավորական գումարտակի փրկարարների հոգեկան առողջությունը: Պարբերաբար կապ է պահպանվում բոլորի հետ, անցկացվել են խմբային հանդիպումներ ու զրույց մոտ 160 փրկարարի հետ:

Օգոստոսի 16-ից մեկնարկել է երկրորդ՝ «Ընտանեկան կոնֆլիկտ․ կանխարգելումն ու հաղթահարումը» թրեյնինգային ծրագիրը:

Տեսական մասում կքննակվեն հետեւյալ թեմաները՝ «Ի՞նչ է կոնֆլիկտը։ Կոնֆլիկտի տեսակները», «Ընտանեկան կոնֆլիկտների առաջացման պատճառները», «Կոնֆլիկտի ազդեցությունն անձնական կյանքի եւ գործունեության վրա», «Միջանձնային կոնֆլիկտների հոգեբանական առանձնահատկությունները»: Գործնական մասում մասնակիցները կսովորեն հաղթահարել ընտանեկան, միջանձնային տարբեր կոնֆլիկտներ, կառուցել նոր փոխհարաբերություններ, փոխել կոնֆլիկտային իրավիճակում իրենց վարքագիծը:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են հոգեբանները