Գլխավոր Նորություններ ՇՈԳԵՐՆ ԸՆԿԱՆ

ՇՈԳԵՐՆ ԸՆԿԱՆ

719
Տարածել

Ջերմաստիճանի բարձրացման տեմպերը

Կլիմայական փոփոխության բացասական հետևանքները վերջին տասնամյակներում արդեն նկատելի են Հայաստանում: Հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների հաճախականությունն ու ինտենսիվությունը զգալիորեն աճել են. ավելացել է ցրտահարության դեպքերի, ուժեղ երաշտների, հորդառատ տեղումներով և կարկուտով օրերի թիվը, աճել են գյուղատնտեսությանը պատճառած վնասները (2009-2013 թթ. կազմել են 72.71 մլրդ դրամ: Բացի դրանից, հանրապետության տարբեր տարածաշրջաններում տեղի են ունենում քարաթափման, սողանքային ակտիվ դրսևորումներ: Ըստ հաշվարկների՝ 233 համայնք վնասվել է սողանքներից, 45 համայնք էլ տուժել է քարաթափումներից: Ամառները հանրապետության զգալի մասում դրսևորվում են շոգ և չոր եղանակային պայմաններով: Կանխատեսումների համաձայն՝ այդ եղանակային անբարենպաստ դրսևորումներն էլ ավելի կվատթարանան, ինչը ջրային պաշարների, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության և այլ ոլորտներում կհանգեցնի բացասական հետևանքների:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Համլետ Մելքոնյանի խոսքով՝ վերջին տասնամյակներում Հայաստանում նկատվել է ջերմաստիճանի բարձրացման տեմպերի զգալի աճ, ամբողջ տարածքում հատկապես դիտվել է տաք ջերմային ալիքների օրերի թվի և տևողության ավելացում: Միայն Երևանում ջերմային տաք ալիքների օրերի թիվը 1991-2016 թթ. կազմել է 2079, իսկ 1961-1990-ներին՝ 1734 դեպք:

«Մեր գնահատականներով՝ 1930-ից մինչև 2016 թվականը ջերմաստիճանը հանրապետությունում աճել է 1,23 աստիճան ցելսիուսով՝ համեմատած 1961-1996 թվականների գրանցված միջին ցուցանիշի: Եթե մինչև 1996-ի տեմպերը պահպանվեին, ապա 2100-ին ջերմաստիճանը նորմայից բարձր կլիներ 4-5 աստիճանով, իսկ այսօրվա ցուցանիշով ավելի բարձր տեմպեր են կանխատեսվում: Ջերմաստիճանի բարձրացման տեմպերը վերջին 20 տարում ավելի արագ են աճել, քան նախորդ 30 տարիներին: Հիդրոօդերևութաբանական վտանագավոր երևույթների թիվը վերջին 20 տարում աճել է 1,8 դեպքով, իսկ նախորդ 30 տարում՝ 1,20-ով»,- ընդգծում է մասնագետը:

Եթե ամբողջ աշխարհում գլոբալ տաքացման հիմնական պատճառը ջերմոցային գազերի արտանետումների ծավալների աճն է, ապա Հայաստանում ջերմաստիճանի փոփոխությունը պայմանավորված է նաև տեղական գործոններով. հրդեհներ, անտառհատումներ, տարածքների չմշակման հետևանքով տեղի ունեցող անապատացման գործընթացներ և այլն: Ի տարբերություն հսկայական այլ երկրների, Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումը քիչ տոկոս է կազմում, առավել ևս, երբ վերջին տարիներին տրանսպորտային միջոցները սկսել են աշխատել գազով, որոնց պարունակության մեջ ջերմոցային գազերի արտանետումը շատ չնչին տոկոս է կազմում:

«Պետք է կարողանանք հարմարվողականության միջոցառումների շնորհիվ մեղմել կլիմայի փոփոխությունը. եթե մենք էներգետիկ ռեսուրսներում վառելիքը փոխարինում ենք ոչ ջերմոցային գազերի արտանետումներով վառելիքի, կիրառում ենք այլընտրանքային էներգիա (ջուր, քամի, արև), ապա էականորեն կկարողանանք կրճատել ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ»,- տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Համլետ Մելքոնյանը: Գլոբալ տաքացումը մեղմելու գիտական տարբեր առաջարկներ կան աշխարհում, որոնք բավականին թանկ արժեն:

Ուստի ոլորտի մասնագետներն առաջին հերթին հիշեցնում են, որ պետք է խնամքով վերաբերվել բնությանը և չմոռանալ, որ կլիմայի փոփոխության, գլոբալ տաքացման հետևանքով գրանցվող բնական աղետները, բերքատվության անկումը, սակավաջրությունն ու օրեցօր ավելացող հիվանդացությունները հետևանք են շրջակա միջավայրի նկատմամբ ցուցաբերած անխնա վերաբերմունքի:

Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերին աշխարհի առաջնորդների կողմից ընդունվել է կլիմայի փոփոխության նոր՝ Փարիզի համաձայնագիր, ըստ որի՝ պետք է զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճան ցելսիուսի սահմաններում՝ փորձելով չգերազանցել 1,5 աստիճանը: Հայաստանը նույնպես ստորագրել է այդ համաձայնագրի տակ՝ պարտավորվելով մասնավորապես 35 տարվա ընթացքում ջերմոցային գազերի արտանետումները սահմանափակել 633 մլն տոննայի սահմաններում և անտառապատվածությունը մինչև 2050 թվականը հասցնել 20,1 տոկոսի, իրականացնել կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ:

 

Մերի Սողոմոնյան