Գլխավոր Վերլուծություն Ճանապարհ դեպի դիրքեր

Ճանապարհ դեպի դիրքեր

2375
Տարածել

Հայրս միշտ ասում էր․ «Մեծ եղբայրդ ծառայել է, դու էլ պիտի ծառայես»։ Երբ ապրիլի 5-ին՝ չորս օրվա լռությունից հետո, զանգեցի հորս, հասկացա, որ երբեք նրան այդքան զայրացած ու միաժամանակ երջանիկ չեմ տեսել։ Նոր Հաճնում լուր էր պտտվում, որ զինվոր է զոհվել։ Ես ողջ էի։

Սրխավենդի զորամասում էի ծառայում, թիվ 770 տանկի վարորդ-մեխանիկն էի։ Ապրիլի 2-ին մեքենաների սպասարկման կետի հերթապահն էի, սպասում էինք ուսումնական տագնապին։ Նոր էինք ճաշարանից դուրս եկել, երբ վաշտի հրամանատարը հրամայեց տանկերին մոտենալ։ Երեքս՝ հրամանատար Ռաֆիկ Կրպեյանը, նշանառու Սամվել Սահակյանն ու ես, շարվեցինք տեխնիկայի առաջ։ Գումարտակի մարտական գծով տեղակալ, կապիտան Ավանեսյանն ասաց, որ ընդհանուր տագնապ է, եւ եկել է մեր սովորածը կիրառելու ժամանակը։

Վաշտի չորս տանկերը շարասյուն կազմեցին ու ճամփա ընկան։ Դրմբոնում մեր հավաքատեղին էր․ հեռվից լսվող կրակոցներից ամեն ինչ պարզ դարձավ։

Գումարտակի հրամանատար Կարեն Ջալավյանը երկու մեխանիկներիս հրահանգեց հետեւել իրեն Թալիշի ուղղությամբ։ Կանգ առանք Մատաղիսում․ ամենուրեք ռմբակոծված տներ էին, կողաշրջված մեքենաներ, լքված մանկապարտեզը։ Մատաղիսի եւ Թալիշի միջեւ հրաձգային դաշտը հակառակորդի առաջխաղացման պատճառով տեսանելի էր դարձել։ «Ինչքան հնարավոր է՝ արագ պիտի քշեք․ կրակում են։ Ձեր տանկը չպիտի թիրախավորեն, վնասեն։ Դուխով առաջ ենք գնում»,- Ջիլավյանի խոսքերն էին։

Հասանք Թալիշ․ հրամանատարին զեկուցել էին, որ գյուղում հակառակորդի հատուկ նշանակության զորքեր կան։ Ոչ ոքի չտեսանք․ միայն մի հայ տատիկ էր՝ զենքը ձեռքին, տան շեմին կանգնած։ Կրպեյանը մոտեցավ, հայերենով խոսեց, հանգստացրեց տատին։

Հրաձգություն սկսվեց, առաջին տանկը խոցեցինք։ Մինչ երեկո հերթապահություն արեցինք, գիշերեցինք Թալիշի անտառում։ Հաջորդ օրն անցկացրինք ականանետային ելման դիրքում։ Առավոտյան հրամանատարը 200 լիտր վառելիք բերեց եւ երթուղին գծելու համար ոտքով մեզ ուղեկցեց դեպի սարը, որտեղից հակառակորդի տանկն ու զինվորներ էին երեւում։ 3 բեկորային արկով չեզոքացրինք մարդկային ուժը, չորրորդով տանկը խոցեցինք։ Հիշում եմ, թե ինչպես էր Կրպեյանը, որ մոռացել էր բաճկոն հագնել, ամեն անգամ գրկում կրակոցից տաքացած տանկի փողն ու ջերմանում:

«Եղնիկներ» զորամասի 161-րդ մարտական դիրքում տանկի աշտարակի կափույրը հանկարծակի փակվեց, եւ գլխի վնասվածք ստացա։ Երկու օր ստիպված պառկած մնացի։ 161-րդ դիրքից ավելի առաջ գնալ չկարողացանք։ Ապրիլի 6-ին, երբ Կարմիր խաչի մեքենաները երեւացին, եւ կրակահերթը դադարեցվեց, սկսվեց դիերի դուրսբերումը։ Մինչ պատերազմը մենք լսել էինք, որ խաղաղությունը կյանքի գնով է ձեռք բերվում։ Այդ օրը մենք ներկա եղանք կյանք-խաղաղություն փոխանակությանը։

Հրադադարից հետո մեր կողմից կրակոցներ չեղան։ 82 արկ արձակած իմ տանկն ամբողջովին մրոտվել էր։ Թեեւ շատ էինք հոգնել, բայց անհնար էր հրամանատարի ընկերական հորդորին չլսելը։ Զենքերն ու տանկի փողերը մարտական տեսքի բերեցինք։

Մինչեւ ապրիլի 15-ը դիրքում մնացինք։ Մեզ հետ Գառնիի ու Կապանի կամավորական ջոկատներն էին՝ 50-անց մարդիկ, որոնք զավակի պես էին մեզ վերաբերվում, դեսից-դենից ծխախոտ ճարում ու հյուրասիրում։ Այստեղ ծանոթացա մեր կողքի գյուղի տրակտորիստ Անդրանիկի հետ, որի լեգենդար տեխնիկան Կոտայքի մարզից հասել էր Արցախ ու օրեր շարունակ անդադար հող փորել։

Առաջին օրերին անվադողի մեջ հավաքված անձրեւաջրով էինք ծարավը հագեցնում, հետո ջրի հարցը լուծվեց։ Ապրիլի 12-ին մեր ձեռքն ընկավ հակառակորդի՝ ճանապարհը կորցրած «Ուրալ» մեքենան, չոր սնունդը դեռ երկար ժամանակ բավականացրեց։

Թիվ 770 տանկի ողջ անձնակազմին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան տվեցին։ Զորացրվեցինք Աղդամի դաշտերից նռան գողության, առաջին անգամ հանդիպած վիթխարի օձի խորովածի, պատերազմական երգերի մասին հիշողություններով։

Պատմությունն ու լուսանկարները՝ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ, փ/ծ սերժանտ Գեւորգ Խաչատրյանի

Հոդվածաշարը նվիրվում է Ապրիլյան քառօրյա պատերազմը վերապրածներին

Գրի առավ Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ.Գ. Կարդացեք նաեւ Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ ավագ լեյտենանտ Տիգրան Վարդանյանի խոսքը. երգ կրակոցների փոխարեն