Գլխավոր Վերլուծություն Սեւանի լողափերին ուժեղացված հերթապահությունը հաջողված է

Սեւանի լողափերին ուժեղացված հերթապահությունը հաջողված է

3341
Տարածել

Հուլիսի 11-ին՝ Վարդավառին, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ 23 հոգով, իրականացրել է ուժեղացված հերթապահություն երեք հանրային եւ թերակղզուն հարակից մասնավոր լողափերում։ Թեպետ օրը գերծանրաբեռնված էր հանգստացողների մեծ հոսքի պատճառով, բայց բարեբախտաբար, մահացության դեպքեր չեն գրանցվել։

Ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Արմեն Ճզմաչյանի խոսքով՝ ստացվել է 20-ից ավելի ահազանգ, սակայն քիչ չեն եղել դեպքերը, երբ ջրափրկարարներն օգնություն են ցուցաբերել շրջայցի ժամանակ իրենց իսկ տեսած դեպքերում։

Հիմնական պատահարները գրանցվել են ուժեղ ալեկոծության ժամանակ մոտորանավակների եւ ջրային հեծանիվների շրջվելու կամ վթարի ենթարկվելու, քաղաքացիների լողալ չիմանալու եւ ոչ սթափ վիճակում գտնվելու, լողանշաններն անցնելու պատճառով։ Տեղում աշխատել է նաեւ շտապօգնության բրիգադը, որը տուժաներին տեղափոխել է բուժկենտրոն։

Օրվա ամենաբարդ դեպքերից մեկը եղել է 10 հոգանոց ընտանիքին հայտնաբերելն ու անվտանգ դուրս բերելը։ «Ձկնորսական նավակով ափից երկուսուկես կիլոմետր հեռացել էին, ալիքների պատճառով հայտնվել էին լճի ամենախոր հատվածում՝ մոտ 85 մետր։ Մեծահասակներ էին ու երեխաներ։ Ահազանգը ստացանք ու կարողացանք շուտ հայտնաբերել»,- մանրամասնեց հրամանատարը։

Հերթապահությունը կշարունակվի մինչեւ լողասեզոնի ավարտը: Մանրամասներին կանդրադառնանք։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ