Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 372 կանչի են արձագանքել

Փրկարարները 372 կանչի են արձագանքել

193
Տարածել

Հոկտեմբերի 17-23-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 372 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 51 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 21 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 155 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 70-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Նոր նորք, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի, Ավան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Արարատում, Լոռիում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու մասին 18 ահազանգ է ստացվել: 10 դեպքում օձը հայտնաբերվել է: Փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 6 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 6 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջումը բնակելի շենքի տանիքում», «Տարհանում դպրոցից երկրաշարժի ժամանակ», «Հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքների իրականացումն ուսումնական հաստատությունում», «Հրդեհաշիջումը բնակելի շենքի երկրորդ հարկում», «Կամավոր հրշեջ-փրկարարների ներգրավումը հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքներին», «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում», «Նաիրիտ» գործարանի քլորպրենի արտադրության 2-11 արտա­դրամասի հրդեշիջման կազմակերպումը», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության պատսպարման կազմակերպումը» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: