Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է մեծ քանակությամբ զինամթերք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է մեծ քանակությամբ զինամթերք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2203
Տարածել

Մայիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում 829 զանգ է գրանցվել: Նախորդ շաբաթվա համեմատ նվազել են հրդեհի դեպքերը: Գրանցված 6 դեպքի մեծ մասը բռնկվել է չոր խոտածածկերում։

Ճանապարհատրանսպորտային պատահարները 5-ն էին, տուժել է 5 քաղաքացի: Փրկարարները ցուցաբերել են առաջին օգնություն եւ շտապօգնության մեքենայով տեղափոխել բուժհաստատություն: Մահվան ելքով մեկ պատահարը գրանցվել է Ասկերանի շրջանում:

Սոցիալ-կենցաղային բնույթի 43 կանչ է գրանցվել, որից 7-ը՝ դուռ, 1-ը՝ վերելակ բացելու, 3-ը՝ հիվանդի տեղափոխելու, 12-ը` ջրամատակարարման վերաբերյալ: Փրկարարները նաեւ տեխնիկական օգնություն են ցուցաբերել բնակչությանը:

Ծառայության սակրավորները հանրապետության տարածքում ամենօրյա ռեժիմով շարունակում են հետախուզական եւ զինամթերքի վնասազերծման աշխատանքները: Շաբաթվա ընթացքում 39 կանչ է գրանցվել, վնասազերծվել է 320 պայթուցիչ, հակատանկային 6 ական, կասետային 43 հրթիռ, թնդանոթի 388 արկ, 6 հատ գնդիկաբեկորային ավիառումբ, ձեռքի 9 նռնակ, 9 հատ նռնականետի ական:

Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով եւ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հանձնարարությամբ՝ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներում շարունակվում են ուսումնական պլանով նախատեսված պարապմունքներն ու ուսումնավարժությունները:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն