Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Զինամթերքի վնասազերծման 51 դեպք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Զինամթերքի վնասազերծման 51 դեպք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

684
Տարածել

Մարտի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակնների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 939 կանչ: Նախորդ շաբաթվա համեմատ՝ զանգերի թիվն ավելացել է 129-ով:

Հրդեհի դեպքերը եղել են 14-ը, որոնցից 13-ը՝ Ստեփանակերտում, մեկը՝ Մարտունիում: Հրդեհների մեծ մասը բռնկվել է չոր խոտածածկերում։ Տուժածներ չկան։ Մեկ ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով տուժել է 1 քաղաքացի: Սոցիալ-կենցաղային պատահարները 43-ն էին՝ մեծամասամբ ջրամատակարարման, վերելակ եւ դուռ բացելու դեպքերը:

ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները եւ Արցախում գործող հումանիտար ականազերծման կազմակերպությունները շարունակում են Արցախը մաքրել չպայթած զինամթերքից: Նման 51 կանչ է ստացվել: Պայթուցիկ առարկաների վնասազերծում կատարվում է գրեթե ամեն օր: Ընդհանուր առմամբ՝ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին Արցախի տարածքից հայտնաբերվել եւ վնասազերծվել է 11 հատ հակատանկային, 3 հատ հակահետեւակային ական, 42 հատ BM-21 տիպի հրթիռ, հրթիռակասետային 1427 եւ ավիացիոն 70 հատ ռումբ, 7 հատ ականանետի ական,  67 հատ ձեռքի նռնակ եւ տարբեր տեսակի 150 միավոր  ռազմամթերք: Ինժեներահետախուզական աշխատանքները շարունակվում են:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը չեն դադարում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում իրականացնել զոհված զինծառայողների որոնողական աշխատանքներ: Զինադադարից հետո հայտնաբերվել է 1518 աճյուն, որոնցից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակնների պետական ծառայություն