Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արգելափակումից հանվել է 111 ավտոմեքենա

Արգելափակումից հանվել է 111 ավտոմեքենա

2238
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 334 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 69 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 14 կեղծ ահազանգ:

Փրկարարները 101 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 60-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Ավան, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Կենտրոն վարչական շրջաններում, Լոռիում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Ձնաբքի, մերկասառույցի եւ այլ պատճառներով արգելափակված 111 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 160 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում», «Օդային տագնապի դեպքում բնակչության պատսպարում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը ՀԱԷԿ-ի ավտոտրանս­պոր­տային տնտեսությունում», «Հրդեհաշիջում եւ տարհանում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դպրոցում», «Հրդեհաշիջման կազմակերպումը պոլիկլինիկայի լաբարատորիայում», «Հրդեհաշիջման կազմակերպումը եւ իրականացումը ուսումնական հաստատու­թյուններում», «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը գազալցակայաններում», «Հիմնական դպրոցում երկրաշարժից մասնակի փլուզում, նրա հետեւանքով առաջացած հրդեհի եւ փլատակներում հայտնված տուժածներին առաջին օգնության ցուցաբերում եւ դուրս բերում» եւ այլ թեմաներով ուսումնավարժանքներ: