Գլխավոր Վերլուծություն Համաշխարհային հարցում. Մոլորակի բնակչության 64 տոկոսն ընդդեմ կլիմայական փոփոխությունների

Համաշխարհային հարցում. Մոլորակի բնակչության 64 տոկոսն ընդդեմ կլիմայական փոփոխությունների

2395
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի եւ Օքսֆորդի համալսարանի համատեղ ուժերով, աշխարհի ավելի քան 50 երկրում կլիմայի փոփոխությունների վերաբերյալ հարցվել է 1,2 միլիոն մարդ, այդ թվում մինչեւ 18 տարեկան անձինք: Մինչեւ 18 տարեկան քաղաքացին առայժմ չունի սեփական երկրի իշխանության ձեւավորմանը՝ ընտրությանը մասնակցելու, այլ խոսքով՝ որոշումների կայացման վրա ազդելու իրավունք եւ լծակ, բայց ապագան հենց նրանցն է եւ նրանց ձայնն այսօր լսելը կարեւոր է: Նման լայնամասշտաբ հարցում իրականացվում է առաջին անգամ: Այս տարվա նոյեմբերին Գլազգո քաղաքում (Միացյալ թագավորություն, Շոտլադիա) անցկացվելու է կլիմայի վերաբերյալ ՄԱԿ-ի գագաթաժողովը: Այս հարցման արդյունքը կդառնա ուղենիշ: Բնակչության բոլոր շերտերին ընդգրկելու համար հարցման նորարարական մեթոդներ են կիրառվել: Մասնավորաբար, քանի որ երիտասարդներն այսօր ավելի շատ իրենց հեռախոսի մեջ են՝ վիրտուալ իրականությունում, հարցման համար հատուկ բջջային հավելված-խաղ է մշակվել:

Հարցման արդյունքների համաձայն, մարդիկ ցանկանում են տեսնել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի ավելի լայն ծրագրեր, հարցվածների 64 տոկոսը կողմ է կլիմայի դեմ փոփոխությունների պայքարին եւ այդ փոփոխությունները որակում է արտակարգ իրավիճակ: Հարցման հեղինակները օրինաչափություն են արձանագրել. մարդիկ առաջարկում են կլիմայի փոփոխությունների դեմ այնպիսի քայլեր, որոնք պետք են իրենց երկրին: Էներգետիկ ոլորտում շատ արտանետումներ ունեցող երկրների քաղաքացիներն առաջարկում են մեծացնել վերականգնվող էներգետիկայի ծավալները: Քիչ անտառներ ունեցող ու հողի որակից տուժող երկրներում նախապատվությունը տրվել է անտառների եւ հողի պարտադիր պաշտպանությանը: Խիտ բնակեցված եւ հետեւաբար մեքենաներով առատ երկրներում առաջարկել են մեծացնել մաքուր՝ էլեկտրական մեքենաների եւ հեծանիվների թիվը եւ այլն:

Հարցվողը կարող էր կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի մի քանի տարբերակ նշել: Ըստ այդմ, առավել կարեւորվել է անտառների եւ հողի պաշտպանությունը՝ 54 տոկոս, արեւային, քամու եւ ընդհանրապես վերականգնվող էներգիայի անցնելը՝ 53 տոկոս, խելացի գյուղատնտեսությունը՝ 52 տոկոս, կանաչ ներդրումները՝ 50 տոկոս:

Անկախ երկրի զարգացվածության մակարդակից հարցվածների ավելի քան 82 տոկոսն ասել է, որ կլիմայի փոփոխությունների, դրանցից ծնվող արտակարգ իրավիճակների մասին լսել է կրթական հաստատություն հաճախելիս: Սա հարցման երկրորդային արդյունք է: Եթե ճիշտ կրթություն կազմակերպվի, բնապահպանական խնդիրները կարեւորող, բնության հետ հաշտ ապրող քաղաքացիների հասարակություն կունենանք բոլոր երկրներում:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ