Գլխավոր Ուսուցողական նյութեր COVID-19-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի առանձնահատկությունները եւ հաղթահարման մեխանիզմները

COVID-19-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի առանձնահատկությունները եւ հաղթահարման մեխանիզմները

2300
Տարածել

Նոր կորոնավիրուսը (COVID-19) խաթարել է համաշխարհային տնտեսության բնականոն ընթացքը, վտանգված է աշխարհի երկրների մեծ մասի տնտեսական կայունությունը: Պետական մեծածավալ միջամտություն է պետք մարդկանց կյանքը փրկելու, հասարակության խոցելի շերտերին պաշտպանելու, գործազրկության աճը կանխելու եւ տնտեսության վերականգնումն արագացնելու համար: Անհրաժեշտ է կառավարել եւ մեղմացնել առկա ռիսկերն, ինչպես լոկալ, այնպես էլ գլոբալ համատեքստում:

Կառավարությունների իրականացրած առաջին միջոցառումներից անցել են ամիսներ: Այս ընթացքում, որոշ կառավարություններ ունենալով ավելի մեծ «ֆիսկալ ներուժ», գործել են առավել «ագրեսիվ եւ համարձակ»: Մյուսներն էլ, առաջնորդվելով նեոլիբերալ գաղափարախոսությամբ, նախապատվությունը տվել են պարտքի կայունությանը եւ պահպանողական հարկաբյուջետային քաղաքականությանը: Կան նաեւ կառավարություններ, որոնք կարծես թե, գտել են ոսկե միջինը՝ խրախուսել տնտեսական ակտիվությունն այնպես, որ երկարաժամկետ հեռանկարում պարտքեր/ՀՆԱ հարաբերակցությունը վերադառնա կայուն վիճակի՝ շնորհիվ առաջանցիկ տնտեսական աճի:

Տարբեր են նաեւ կառավարությունների ընտրած գործիքակազմերը: Որոշ կառավարություններ կենտրոնացել են ֆինանսական օժանդակության անհատույց ձեւերի վրա, մյուսները՝ փոխհատուցվող: Միաժամանակ ակնհայտ է, որ վերջնարդյունքի տեսանկյունից կարեւոր նշանակություն է ունենալու ոչ միայն հակաճգնաժամային միջոցառումների ուղղվածությունը, այլեւ դրանց հաջորդականությունը:

Աշխարհի ՀՆԱ-ն, որը, ըստ 2019 թվականի տվյալների, 85 տրիլիոն ԱՄՆ դոլար էր, ներկայում կրճատվել է ավելի քան 3 տրիլիոնով, գործընթացը շարունակվում է։ Հայտնի է նաեւ, որ նավթի գինն իջել է մինչեւ 25 ԱՄՆ դոլար, ինչն աննախադեպ է։ Մեր հանրապետության համար չափազանց բացասական է դիտարկվում նաեւ պղնձի բորսայական գնի անկումը, որը վերջին մեկ ամսում 6000-ից իջել է մինչեւ 4800 ԱՄՆ դոլար՝ 1 տոննայի դիմաց։

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների, 2020 թվականն անկումային տարի էր, սակայն 2021 թվականին գրեթե բոլոր երկրները կվերադառնան իրենց մեկնարկային տվյալներին: ԱՄՀ կանխատեսումները թերեւս լավատեսական են, իրական պատկերն այլ է. երկրների տնտեսական վերականգնումն առկա բոլոր ռիսկերի պայմաններում առավել երկարաժամկետ գործընթաց է:

Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը թեեւ ունի առողջապահական հիմք, այդուհանդերձ, այն առավելագույնս ընդգծում է երկրում առկա տնտեսական խնդիրները՝ միաժամանակ բացահայտելով նոր հնարավորություններ։

COVID-19-ի ճգնաժամի հաղթահարման միջոցառումների ուսումնասիրման շրջանակում դիտարկենք Ռուսաստանի, Հայաստանի եւ մեր հարեւան երկրների կառավարությունների ձեւավորած ֆիսկալ փաթեթները:

Համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքների հաղթահարման նպատակով Հայաստանի կառավարությունը հանդես եկավ հակաճգնաժամային ծրագրով, որը նախատեսում է ֆինանսական ներարկումներ՝ շուրջ 150 մլրդ դրամի չափով (ՀՆԱ-ի 2,29 տոկոսը): Աջակցության փաթեթի հիմնական ուղղություններն են. 25 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 0,38 տոկոսը)՝ տնտեսական ծրագրերի համար, 25 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 0,38 տոկոսը)՝ սոցիալական ծրագրերի համար, 80 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 1,22 տոկոսը)՝ երկարաժամկետ զարգացման ծրագրերի համար, 20 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 0,31 տոկոսը)՝ պահուստային միջոցներ՝ անհրաժեշտ վերաբաշխումների համար: Բացի վերոհիշյալից Հայաստանում կիրառվում են նաեւ վարկային արձակուրդներ:

Սոցիալական եւ տնտեսական խնդիրները սերտորեն փոխկապակցված են: Խոցելի սոցիալական իրավիճակը «ճնշում» է պահանջարկը, ինչի արդյունքում նվազում է տնտեսավարողների շահութաբերությունը: Մյուս կողմից՝ ցածր տնտեսական ակտիվությանը հաջորդում է աշխատուժի պահանջարկի եւ զբաղվածության անկումը, ինչը մեծացնում է սոցիալական լարվածությունը: Եթե տնտեսական ծրագրերը միտված են պահպանելու թույլ պահանջարկի պատճառով տուժած բիզնեսի իրացվելիությունը եւ վճարունակությունը, ապա սոցիալական ծրագրերն առնչվում են ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիների կենսական խնդիրներին: Սոցիալական օժանդակությունը, որպես կանոն անհատույց է, իսկ տնտեսական օժանդակությունը կարող է լինել եւ՛ անհատույց, եւ՛ փոխհատուցվող:

Համեմատելով Հայաստանի եւ հարեւան երկրների փաթեթները՝ արձանագրում ենք, որ ֆիսկալ հակաճգնաժամային փաթեթի հարաբերական մեծությամբ (ՀՆԱ-ի 2,29%) մենք տարածաշրջանում զբաղեցնում ենք նախավերջին տեղը՝ առաջ անցնելով միայն Թուրքիայից (ՀՆԱ-ի 2,1%): Իրանում այս ցուցանիշը 14 % է, Վրաստանում՝ 4 %, իսկ Ադրբեջանում՝ 3 %: ՀՀ կառավարությունը կարող էր թիրախավորել ավելի բարձր ցուցանիշ՝ ձեւավորելով առավել հավակնոտ հակաճգնաժամային փաթեթ:

Համաշխարհային բանկն աջակցում է ՀՀ կառավարության համահամաճարակային ջանքերին։ ՀՀ առողջապահության նախարարության խնդրանքով Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին՝ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։ Այս միջոցները կօգնեն «Հիվանդությունների կանխարգելում ու վերահսկում» ընթացիկ ծրագրի շրջանակներում ձեռք բերել թոքերի արհեստական օդափոխության 50 սարք՝ 1,35 միլիոն դոլար արժողությամբ: Արդյունքում, Հայաստանի առողջապահական համակարգը կզինվի լրացուցիչ բարձրորակ սարքերով, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսային հիվանդության ավելացող հաստատված դեպքերի բուժման համար։ Բացի այդ, Համաշխարհային բանկը պատրաստ է վերածրագրավորելու Հայաստանում իր ընթացիկ ծրագրերի պորտֆելը՝ տարբեր ոլորտներում COVID-19–ին հակազդելու ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու նպատակով:

Ճգնաժամն իր բնույթով տնտեսական չէ, այլ` առողջապահական, որն ունենում է էական սոցիալ-տնտեսական հետեւանքներ: Ուստի, առաջնային խնդիրը բոլոր երկրներում, այդ թվում`Հայաստանում, առողջապահական ռիսկերի արագ կանխարգելումն է: Իհարկե, ամբողջ աշխարհում սահմանների փակումը, մարդկանց ինքնամեկուսացումները ունենում եւ ունենալու են տնտեսական հետեւանքներ, բայց գործողությունների ծրագրերում առողջապահական ճգնաժամը հաղթահարելու միջոցառումները պետք է լինեն գերակա՝ զուգորդված սոցիալական ռիսկերի մեղմման ու տնտեսության օժանդակման քայլերով։

Հրապարակումը պատրաստվել է Մուշեղ Հակոբյանի եւ Գագիկ Հակոբյանի «Նոր կորոնավիրուսով (covid-19) պայմանավորված տնտեսական ճգնաժամի առանձնահատկությունները եւ հաղթահարման մեխանիզմները» հոդվածի հիման վրա