Գլխավոր ՀՀ ՆԳՆ ՆՈՐ ՀԱՄԱԼՐՈՒՄ

ՆՈՐ ՀԱՄԱԼՐՈՒՄ

622
Տարածել

Դեկտեմբերի 13-ին Հայաստանի Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը» Ռուսաստանից փրկարարական գույքի չորրորդ խմբաքանակը ստացավ: Առաջինը այս տարվա մայիսին էր (փրկարարական գործիքներ, տարբեր հզորությամբ հոսանքի գեներատորներ, մոտոպոմպեր և այլն), երկրորդը՝ հոկտեմբերին (ամենագնաց-կվադրոցիկլներ), երրորդը՝ նոյեմբերին (մոտորանավակներ, ջրասուզակներին և սակրավորներին անհրաժեշտ հատուկ գույքով մեքենաներ, լուսավորության աշտարակներ, գեներատորներ,  պոմպեր, շնչառական սարքեր, որոնողական սարքեր, ծածկոցներ, ծալովի մահճակալներ): Չորրորդ խմբաքանակ՝ 4 տոննա տարողությամբ ջրային բաքով «Կամազ» մակնիշի ամենագնաց հրշեջ-փրկարարական մեքենաներ, շենք-շինությունների ամրությունը ստուգող, սեյսմիկ ռիսկը գնահատող համալիր, ինժեներական և վթարափրկարարական վերապատրաստման գույք համապատասխան լսարանների համար, կենտրոնում կառուցվելիք ճգնաժամային կառավարման կենտրոնի համար սարքավորումներ, ջրափրկարարական հանդերձանք և այլն:

«Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը» բացվել է 2016 թվականի մարտի 18-ին՝ ի կատարումն հայ-ռուսական միջկառավարական «Արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի:

Նպատակն է՝ արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը, տարածաշրջանային համագործակցության զարգացումը, բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակի բարձրացումը:

Հայկական կողմը նորոգել-բարեկարգել է 17,5 հա մակերեսով տարածք, շենք-շինություններ: Ռուսական կողմը պարտավորվել է ապահովել կենտրոնի տեխնիկական համալրումը:

Մինչև տարեվերջ կենտրոնում պատրաստ ու հատուկ տեխնիկայով և գույքով կահավորված կլինի վերապատրաստման երկու լսարան՝ ճարտարագիտական ապահովման և փրկարարական:

«Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում» մեկ սենյակ կկահավորվի ու կդառնա ճգնաժամային կառավարման կենտրոն՝ Հայաստանի և Ռուսաստանի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնների հետ մշտական կապով:

Բացի գույքային օժանդակությունից, կենտրոնը ՀՀ ԱԻ նախարարության հետ համատեղ Հայաստանի տարածքի ռիսկերի գնահատում է իրականացնելու:

Նշենք, որ «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը» արձագանքում չի իրականացնում, օգնում է փրկարար ծառայության ուժերին և տեխնիկա տրամադրում՝ կախված արտակարգ իրավիճակի բնույթից:

Կենտրոնի գույքն արդեն քանիցս օգտագործվել է տարբեր արտակարգ իրավիճակներում: Օրինակ, այս ամռանը անտառային հրդեհների ժամանակ բարձրլեռնային և դժվար հասանելի վայրերում տեղադրվել են կենտրոնի տրամադրության տակ եղած 1500 լ տարողությամբ ավազաններն ու ջուր մատակարարել հրշեջներին:

«Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի» գույքային համալրումը շարունակական է լինելու: Անցկացվելու են նաև վերապատրաստման դասընթացներ թե Հայաստանի և թե Ռուսաստանի մասնագիտական կառույցներում: