Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ամուսինները վիճել եւ փրկարարներին են կանչել

Ամուսինները վիճել եւ փրկարարներին են կանչել

1468
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 305 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 83 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 9 կեղծ կանչ:

Փրկարարները 115 կենցաղային կանչ են ստացել, որից 89-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Աջափնյակ, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք վարչական շրջանների եւ Արմավիրի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում արգելափակված 17 մեքենա (26 ուղեւորով) է հանվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Նոր Նորքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Գյուրջյան փողոցի շենքերից մեկի մի բնակիչ ոչ սթափ վիճակում փակվել է տանը եւ սպառնում է քացախաջուր խմել: Դեպքի վայր հասած փրկարարները պարզել են, որ 48-ամյա կինը անձնական խնդիրների պատճառով վիճել է ամուսնու հետ: Հոգեբան-փրկարարները օգնել են քաղաքացուն:

Սյունիքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Գորիս-Կապան ճանապարհի «Ծակեր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, ավտոճանապարհը միակողմանի փակվել է: Հրշեջ-փրկարարները եւ ճանապարհը սպասարկող ընկերության աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ հեռացրել են քարերը եւ վերականգնել երթեւեկությունը: