Գլխավոր Հրշեջ-փրկարարներ «Լավագույն ջրափրկարար-2019»․ Նարեկ Բաբայան

«Լավագույն ջրափրկարար-2019»․ Նարեկ Բաբայան

2818
Տարածել

2011 թվականից անցկացվող «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնում 2019 թվականին «Լավագույն ջրափրկարար» է ճանաչվել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակ, փ/ծ ենթասպա Նարեկ Բաբայանը։

Նարեկը ծնունդով Սեւան քաղաքից է։ Ինչպես ինքն է ասում՝ Սեւանա լիճն իր կյանքում մեծ հետք է թողել։ 2013 թվականին երկու կարեւոր որոշում է կայացրել՝ բուհ ընդունվել եւ ջրափրկարար աշխատել։ Հանգամանքների բերումով ուսումը կիսատ է թողել, բայց ծառայությունը պատվով կատարում է առայսօր։ «Ցավոք, մեր աշխատանքում հիմնականում մահացության դեպքերի ենք առնչվում։ Աննկարագրելի է այն զգացողությունը, երբ մարդուն ջրից ողջ ես դուրս բերում, երբ նրա հարազատները տեսնում են, թե ինչպես է ձեռքերիդ մեջ շունչ առնում։ Անգին է այն գիտակցումը, երբ մեկին նոր կյանք ես տվել»,- անկեղծանում է փրկարարը։

Ջրափրկարարությունը դժվար աշխատանք է։ Հոգեբանական ճնշումն ու խղճահարությունը պետք է անընդհատ հաղթահարել։ Ձմռանը՝ Սեւանա լճում ձկնորսների ջրահեղձության դեպքերի շատալուն զուգահեռ, մեծանում են նաեւ տեխնիկական խնդիրները։ Ջրի սառնության պատճառով երկարատեւ աշխատանքներն անհնարին են, խափանվում են օդաբալոնները, կյանքին սպառնացող ռիսկերը՝ կրկնապատկվում։ Սակայն, Նարեկի խոսքով, ամեն ինչ հաղթահարելի է, եթե կա ցանկություն։

Ջոկատը արձագանքում է նաեւ Հայաստանի մյուս ջրային տարածքներում գրանցված դեպքերին։ Պակաս վտանգավոր չեն արագահոս գետերը, հատկապես՝ Դեբեդը։ Նարեկը մտաբերում է, թե ինչ դժվարությամբ է Դեբեդում գլուխ բերվում ցանկացած որոնողական աշխատանք։ Քիչ չեն դժբախտ պատահարները նաեւ ջրանցքներում ու ջրամբարներում, որտեղ լողում են հիմնականում տեղացիները։ Սակայն հերիք է մի անզգույշ քայլ, եւ հայտնվում ես ծուղակում՝ չունենալով ոչ մի հենման կետ։

Աշխատանքում հուզիչ ակնթարթներ նույնպես լինում են, հատկապես՝ ամառային լողասեզոնին։ Լողափերում շուրջօրյա հերթապահող ջրափրկարարներին ամեն մեկը մի ձեւով է երախտապարտ լինում։ Նարեկը ժպիտով հիշում է՝ ինչպես էր նախորդ տարի 14 տարեկան երեխայի փրկել, եւ մայրն անդադար իր ձեռքերն էր համբուրում։

Երբ ծառայությունը փոքր ինչ թեթեւանում է, ջոկատում դասերով են զբաղվում, խմբային սուզում կատարում, փորձը փոխանցում նորեկներին։ «Ջրասուզակն իր կյանքն ընկերոջն է վստահում պարանի միջոցով։ Ջրի մակերեսին գտնվողն ավելի պատասխանատու է քո կյանքի համար, եւ միայն փոխադարձ հարգանքով ու վստահությամբ կարող ես աշխատանքդ կատարել։ Վերջին տարիներին տեխնիկական համալրումը բավական հեշտացրել է մեր գործը։ Մեզ մնում է կրթվել, բարելավվել մեր արդյունքները։ Ամենամեծ խորությունը, որ սուզվել եմ, 28 մետրն է։ Պետք է ցուցանիշս գերազանցեմ»,- ասում է երիտասարդը։

Տարբեր վերապատրաստումներ է անցել Հայաստանում եւ արտերկրում, ձեռք բերել օտարազգի ջրասուզակ ընկերներ, որոնց հետ կապի մեջ է։ Խոսելով փրկարարական աշխատանքներում ռոբոտեխնիկայի կիրառումից՝ մասնագիտությամբ տեխնոլոգ Նարեկը պնդում է՝ փրկարարներին ռոբոտներով փոխարինելու համար մարդկությունը դեռ շատ պիտի զարգանա։ Սարքավորումները դեռ իրենց այնքան չեն արդարացրել, ինչպես մարդկային ուժը։

Սեւանա լճի ստորջրյա գեղեցկությունը երիտասարդն այնպես է ներկայացնում, որ անհնար է չսիրահարվել։ Վստահ է՝ մեկ անգամ սուզվողն էլ երբեք անտարբեր չի մնա։ Լիճը հարմար է թե՛ ակտիվ, թե՛ պասիվ հանգստի համար։ Խորքերում կարող ես տեսնել՝ ինչպես է հարթավայրին փոխարինում սարը, ինչպես են ժայռերը նայում անդունդին, ինչպիսի մեծ քարեր կան։

Լճի մաքրության պահպանումը Նարեկի հիմնական մտահոգությունն է։ Այս տարի ջրափրկարարներն ու մասնավոր ակումբի ջրասուզակները «Ժայռ» լողափում վերջին անգամ մաքրման աշխատանքներ են կատարել սեպտեմբերին: «Ես եղել եմ Ղրղզստանի Իստիսու լճում․ հետաքրքիր ռելիեֆը, ջրի մաքրությունը, ջրից ափից մոտ 100 մետր հատվածում վրա շենք-շինությունների բացակայությունը գրավում են զբոսաշրջիկներին։ Վստահ եմ՝ հանրային լողափերի երկայնքով ճեմուղու կառուցումը կփոխի մեր քաղաքի, մեր լճի հանդեպ վերաբերմունքը»։

Երկու որդի ունի: Աշխատանքից ազատ ժամանակը նրանց է նվիրում։ Փողոցում փրկարար տեսնելիս փոքրահասակ տղաները հպարտանում են․ «Պապայի գործընկերն է»։ Թեեւ Նարեկն իր գերդաստանում առաջին փրկարարն է, բայց լիահույս է, որ վերջինը չի լինի։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Նարեկ Բաբայանը

Հ.Գ. «Արիության համաստեղություն-2019» մրցույթի այլ հաղթողներ.

«Լավագույն խմբի պետ-2019»․ Հայկ Դավթյան

«Լավագույն հերթափոխի պետ-2019»․ Արսեն Ավագյան

«Լավագույն հրշեջ-փրկարար-2019»․ Բագրատ Եղիազարյան

«Լավագույն հրշեջ-փրկարար-2019»․ Էդգար Գրիգորյան

«Լավագույն փրկարար-2019»․ Աղասի Ավետիսյան

«Լավագույն հրշեջ-փրկարարական ջոկատ-2019»․ Թումանյանի ՀՓՋ