Գլխավոր Միջոցառումներ Կամավոր հրշեջ-փրկարարներն ուսուցում են անցել

Կամավոր հրշեջ-փրկարարներն ուսուցում են անցել

3269
Տարածել

Ավստրիական եւ Հայկական կարմիր խաչի ընկերությունների հետ իրականացվող «Կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդում» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի վերջին Լոռու մարզի Մեծ Պարնի եւ Կոտայքի մարզի Գառնի համայնքների կամավոր հրշեջ-փրկարարների մասնակցությամբ անցկացվել են սկզբնական մասնագիտակաան պատրաստության դասընթացներ։ Նախատեսվում է, որ կամավորներն օգնեն ավելի օպերատիվ սպասարկել հեռավոր համայնքներում գրանցված դեպքերը։

Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արմեն Մատինյանի խոսքով՝ Մեծ Պարնիի հենակետում դեռ շինարարական աշխատանքներ են ընթանում՝ ավտոտնակը տեխնիկայի կայանման համար հարմարեցնելու նպատակով։ Ալավերդու ՀՓՋ ԶԻԼ 130 մեքենան կտրամադրվի կամավորներին։ Հենակետը կսպասարկի Սպիտակի տարածաշրջանի 9 գյուղ։

«Սպիտակ քաղաքից մոտ 23-25 կմ հեռավորությամբ գյուղ ունենք։ Կամավորները կարող են տեղում մեկուսացնել հրդեհը կամ կանխել կրակի տարածումը, մինչեւ կհասնենք օգնության։ Ուսումնավարժության օրը նրանց ցուցադրել ենք հրշեջ տեխնիկայի հնարավորությունները, բացատրել հրդեհաշիջման գործողություններն ու անվտանգության հարցերը։ Ունենք մոտ 40 կամավոր՝ 30-60 տարեկան»,- ասաց հրամանատարը՝ հավելելով, որ կամավորության գաղափարը ի սկզբանե բոլորի մեջ կա։

Դեպքերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ հատկապես գյուղական համայնքներում հարեւանները միշտ օգնության են հասնում տուժածին։ Սակայն պատասխանատվությունն ավելի է մեծանում, երբ դու պաշտոնապես կամավոր ես համարվում եւ համազգեստ ես կրում։

Ուսումնավարժությունները կլինեն շարունակական։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները