Գլխավոր Հրշեջ-փրկարարներ «Լավագույն խմբի պետ-2019»․ Հայկ Դավթյան

«Լավագույն խմբի պետ-2019»․ Հայկ Դավթյան

2189
Տարածել

2011 թվականից անցկացվող «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնում 2019 թվականին «Լավագույն խմբի պետ (հրամանատար)» է ճանաչվել Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ կապիտան Հայկ Դավթյանը։

Այգեզարդցի, 35-ամյա Հայկը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ է։ 2006 թվականից անցել է ծառայության Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում։ Ասում է՝ անձնակազմին կառավարելու եւ դեպքի վայրում իրավիճակը վերահսկելու հարցում բուհում ստացած գիտելիքը շատ է օգնում։ Այսօրվա պես հիշում է ակադեմիայում անցկացված «Մարդկության փրկության ծրագիրը», որի շրջանակում ինքն ու մյուս մասնագետները սովորել են տարբեր բարդության փրկարարական գործողություններ։ Վաղարշապատի ջոկատը, որում Հայկը խմբի պետ է, սպասարկում է 43 համայնք՝ Արմավիրի մարզի գրեթե կեսը։ Տարեկան Արմավիր-Երեւան մայրուղու վրա մի քանի տասնյակ ավտովթարի են արձագանքում, հիմնականում՝ տուժածների անկանխատեսելի վնասվածքներով եւ մահվան ելքով։ Այս հարցում էլ անփոխարինելի է բուհական փորձառնությունը։ «Առաջին օգնության լավ իմացությունը շատ եմ կարեւորում։ Դեռ բանակում ծառայելիս սովորել եմ ու ստացել ֆելդշերի դիպլոմ։ Ցանկացած իրավիճակում պետք է առաջին հերթին տուժածի վստահությունը շահել, որպեսզի նա քեզ չխանգարի։ Եթե գիտելիք ունես եւ անընդհատ կատարելագործում ես, տարիների հետ ձեռքերդ վարժվում են»,- նշում է փրկարարը։

Սկզբում աշխատել է Երեւանի թիվ 3 հրշեջ-փրկարարական, ապա Վաղարշապատի ջոկատներում։ Տնից ջոկատ ճանապարհը փոքր-ինչ երկարել է, ասում է՝ Հայաստանի որ ծայրում էլ լինի, կգնա, քանի որ սիրում է իր աշխատանքը։ Ժամանակի հետ դեպքերի մանրամասները եւ փրկվածների դիմագծերն աղոտ են դառնում։ Երբեմն լինում են անծանոթ հեռախոսազանգեր՝ շնորհակալական խոսքով։ Միշտ հաճելի է լսել, որ երբեւիցե օգնության կարիք ունեցած մարդը շարունակում է ապրել ու նպատակներ դնել։

Աշխատանքային դժվարությունները, հատկապես՝ վախը, տարիների հետ վերափոխվել են, դարձել սովորական։ Վերհիշում է․ «Դեռ նոր էի ընդունվել աշխատանքի։ Նոր Նորքում էլեկտրական ենթակայան էր այրվում։ Նման մեծ հրդեհ միայն ֆիլմերում էինք տեսել։ Բոլոր ջոկատներն այնտեղ էին։ Առաջին հայացքից սարսափելի էր, բայց մի քանի վայրկյան անց հասկացանք, որ ճիշտ աշխատանքն արդյունքն է տալիս, որ կարելի է կրակին հաղթել եւ առաջ գնալ։ Նման պահերի ես գիտակցում, թե ինչ ամուր թիկունք են ընկերներդ։ Այսօր էլ իմ խմբում կան ավելի երկարամյա աշխատողներ, բայց դեպքի վայրում բոլորը վստահում են ինձ եւ համաձայնեցնում ամեն գործողություն։ Բոլորս կարծես մի մարդ լինենք, մի հայացքից հասկանում ենք մեր անելիքը»։

Աշխատանքից դուրս երիտասարդի նախասիրությունները բազմազան են։ Դեռ բանակում լավագույն զինվոր-մարզիկ է ճանաչվել, այսօր էլ սպորտն իր կյանքի անբաժան մասն է։ Զբաղվում է ծանրամարտով եւ բոլորին հորդորում առողջ ապրելակերպ վարել։ Կատակով ասում է՝ ժամանակին եղբոր օրինակով նաեւ փայտագործություն է փորձել, բայց ձեռքի շնորհը չի հերիքել։ Փոխարենը «Վան» տեսակի խաղող է մշակում․ եւ՛ եկամտաբեր է, եւ՛ հաճելի։ Հարազատ գյուղի մասին փրկարարը միշտ հպարտությամբ է խոսում․ շուտով վեր կխոյանան նոր եկեղեցու սյուները, որը կառուցվում է ռուսաստանաբնակ բարերարի եւ այգեզարդցիների ջանքերով։

Պատերազմական այս շրջանում Հայկի ուշքն ու միտքը սահմանում է։ Այնտեղ են եղբայրը, հարազատները, ընկերները։ Ասում է՝ մեր փոքր ազգի համար ամեն կյանքը թանկ է։ Խաղաղությունն է թանկ։ Բոլոր երեխաները պետք է վազեն իրենց հայրերի գրկին ընդառաջ, ինչպես ամեն տունդարձի անում է իր 1,9-ամյա դուստրը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել է Հայկ Դավթյանը: «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնի 2019 թվականի այլ հաղթողներ.

«Լավագույն փրկարար-2019»․ Աղասի Ավետիսյան

«Լավագույն հրշեջ-փրկարար-2019»․ Էդգար Գրիգորյան

«Լավագույն հրշեջ-փրկարար-2019»․ Բագրատ Եղիազարյան

«Լավագույն հերթափոխի պետ-2019»․ Արսեն Ավագյան