Գլխավոր ՀՀ ՆԳՆ Նախագիծ. Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ոչ պետական գույքի օգտագործման դիմաց փոխհատուցում

Նախագիծ. Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ոչ պետական գույքի օգտագործման դիմաց փոխհատուցում

2846
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման դեպքերը եւ կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծ:

Ըստ նախարարության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման եւ ապահովման նպատակով հաճախ անհրաժեշտություն է առաջանում ներգրավվել նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքը կամ այլ միջոցներ: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքը կամ այլ միջոցները ներգրավվելու դեպքում այդ միջոցների օգտագործման դիմաց պետք է տրամադրվի համարժեք փոխհատուցում: Ներկայումս կանոնակարգված չեն բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման պատասխանատու պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների ներգրավման դեպքերը, այդ գույքի եւ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման մեխանիզմները:

Ըստ նախագծի, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման ու ապահովման նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքը եւ այլ միջոցները կարող են օգտագործվել առանձնահատուկ դեպքերում բնակչության պատսպարման եւ տարհանման, փրկարարական եւ այլ անհետաձգելի վթարային վերականգնողական աշխատանքների իրականացման, բնակչության կենսաապահովման միջոցառումների իրականացման եւ այլ նպատակներով:

Նշված դեպքերում սեփականության իրավունքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող գույքը եւ այլ միջոցները կարող են օգտագործվել համարժեք փոխհատուցմամբ: Դրա նպատակով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները գույքի սեփականատիրոջ հետ պայմանագիր են կնքում եւ գույքի տեխնիկական վիճակի մասին ակտ կազմում: Եթե գույքին վնաս է հասնում, այն ենթակա է փոխհատուցման:

Առավել մանրամասն՝ այստեղ