Գլխավոր ՀՀ ՆԳՆ ՆՈՒՅՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿԱՆՑՆԵԻ ՆՈՐԻՑ

ՆՈՒՅՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿԱՆՑՆԵԻ ՆՈՐԻՑ

617
Տարածել

Հանգստի մեկնող վաստակաշատ հրշեջ-փրկարարը

Փ/ծ ավագ, օղակի հրամանատար Դերենիկ Թադևոսյանը Հայաստանի ամենահայտնի առողջարանային քաղաք Ջերմուկի բնակիչ է: Վայոց ձորի այդ չքնաղ բնաշխարհից է սկսել հրշեջ մարտիկի իր ճանապարհը դեռ հեռավոր 1984-ին, երբ, խորհրդային բանակից զորացրվելուց հետո, ծառայության է անցել Ջերմուկի հրշեջ մասում: Իսկ 2006-ին տեղափոխվել է Արարատի մարզի Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատ (ՀՓՋ), դարձել Մասիսի բնակիչ: «Հրդեհաշիջման ժամանակ առաջինը ես եմ մտնում գործողության մեջ և կազմակերպում աշխատանքը: 33 տարվա իմ փորձն ինձ թույլ է տալիս արագ կողմնորոշվել և կրակը մեկուսացնել ու մարել»,- ասում է փորձառու հրշեջ-փրկարարը:

Նկատում է, որ Խորհրդային միության տարիներին իրենց հրշեջ էին կոչում. «Իսկ հիմա հրշեջ-փրկարար ենք: Մարդիկ ամեն դժվար ու ծանր կացությունում մեր օգնությանն են դիմում, վստահում ու հավատում մեզ ու մեր հնարավորությանը: Անգամ արագիլի ձագը բնից ընկնում է, մեզ են դիմում: Հասարակության հարգալից վերաբերմունքն ավելի է պարտավորեցնում ու ոգևորում մեզ, և մենք մեր համազգեստը հպարտությամբ ենք կրում ու երբեմն չենք էլ ուզում հանենք հագներիցս»,- նշում է փ/ծ ավագը:

Պատմել չի ուզում արտակարգ իրավիճակներին իր մասնակցության մանրամասների մասին: Ասում է՝ բոլորն էլ դժվար դեպքեր են եղել, շատ անգամ դրանց կանխարգելողն ու հետևանքների վերացնողն ինքն է եղել, ի՞նչ պատմի հրդեհի ու վթարի մասին: Սակայն, երբ հետադարձ հայացքով նայում է իր անցած ճանապարհին, վաստակաշատ մարդու մեղմ ոգևորությամբ նշում է. «Ինձ լավ եմ զգում, որ օրինակելի գործ եմ արել, մարդկանց եմ օգնել, փրկել եմ գույք ու ունեցվածք, նաև կյանքեր: Ոչ միայն չեմ փոշմանել, այլև, եթե հնարավորություն տրվեր ինձ` նույն ճանապարհը կանցնեի նորից: Ճիշտ է, թոշակի եմ գնում, բայց որքան էլ տարիներ անցնեն, ես միշտ հոգով ու սրտով փրկարար եմ մնալու»,- ասում է օղակի հրամանատարը:

Ծառայությունն ավարտող հրշեջ-փրկարարը նշում է, թե շատ կուզենար երեք տղաներից գոնե մեկն իր գործը շարունակեր, բայց նրանց ուղին այլ կերպ է ընթացել և միշտ չէ, որ կյանքի պահանջն ու իր ցանկությունը համընկնում են. «Փոքր տղաս՝ Հովիկը, ազատ ոճի ըմբշամարտիկ է եղել, 2012-ին հռչակվել է Հայաստանի չեմպիոն, ընդգրկվել է նաև Հայաստանի ըմբշամարտի ազգային հավաքականում, իսկ բանակում ծառայել է կապույտ բերետավորների հատուկ ջոկատում: Բանակից խնդիրներով եկավ, վիրահատվեց, նորից սկսեց պարապել, բայց շարունակել չկարողացավ»:

Հրշեջ-փրկարարն ունի նաև տոհմական ժառանգություն ստացած մասնագիտություն, մեղվապահ է. «Հայրս էլ է եղել մեղվապահ, պապս էլ, հիմա էլ ես եմ շարունակում նրանց «քաղցր» գործը: Ջերմուկում խնամում եմ 50 մեղվի փեթակ, և հաճելի է, և աշխատանք ունեմ հանգստյանս օրերին, իմ եկամուտի մի մասն էլ ապահովում է մեղվաբուծությունը»: Նաև հանգիստ ու անխռով կեցվածքով նշում է, որ երեք տղաներից մեկին Ջերմուկում է տնով ապահովել, երկրորդին՝ Մասիսում, և մտածում է երրորդի մասին՝ որպես հայրական պարտք, որ պետք է մինչև վերջ մարի:

Այսպիսին է Դերենիկ Թադևոսյանը՝ և որպես փորձառու հրշեջ-փրկարար, որ 33-ամյա ճանապարհ է անցել, և որպես բարեխիղճ ու սրտացավ ծնող, և, առհասարակ, բարիք ստեղծող անհատ հասարակական կյանքում:

Փ/ծ ավագն ու օղակի հրամանատարն իր երկարամյա ծառայության ընթացքում արժանացել է պատվոգրերի և ԱԻ նախարարի, և Մասիսի քաղաքապետի կողմից: Ասում է, որ չի ձգտել պարգևների ու ավելի բարձր դիրքի, միշտ գերադասել է աշխատանքը և դրա օգտակար ու շոշափելի արդյունքը, ինչից միշտ իրեն բավարարված է զգացել: Իսկ Արարատի մարզային փրկարարական ծառայության Մասիսի ՀՓՋ հրամանատար, փ/ծ մայոր Բագրատ Դանիելյանն իր փորձառու ծառայողին բնորոշում է որպես գրեթե անփոխարինելի, համենայն դեպս, կրտսերների շարքում հավասարը չունեցող հրշեջ-փրկարարի՝ բարձր գնահատելով նրա անցած մարտական ուղին. «Բազմիցս ականատես եմ եղել Դերենիկ Թադևոսյանի աշխատանքին, թե ինչպես է կրում ու կատարում ծառայությունը և ինչ բարեխղճությամբ է պահում կարգ ու կանոնը, նաև պարտականությունները՝ պատշաճ ու ճիշտ ժամանակին իրականացնելով: Այսօր ափսոսանքով եմ կենսաթոշակի ճանապարհում մեր օղակի հրամանատարին ու փ/ծ ավագին, փորձառու հրշեջ-փրկարարին: Միայն դրական հատկանիշներով կարող եմ բնորոշել մեր վետերանին, որն իսկապես աշխատանքով ու փորձով բարձր է իր կրտսեր գործընկերներից և ջանքով ու եռանդով չի զիջում երիտասարդներին»:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ