Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արցախյան պատերազմ․ ոչ ռազմական նյութական վնասները

Արցախյան պատերազմ․ ոչ ռազմական նյութական վնասները

3261
Տարածել

Սեպտեմբերի 27-ից սկսած՝ ակտիվ պատերազմական գործողություններին զուգահեռ հակառակորդը հարվածներ է հասցնում Արցախի քաղաքացիական ու կենսական նշանակության ենթակառուցվածքներին, այդ թվում՝ հացի արտադրամասերին, գազատար եւ ջրատար խողովակներին, կապի եւ էներգամատակարարման համակարգերին, հիվանդանոցային համալիրներին: Օրերս հրթիռակոծվել էր նաեւ Ստեփանակերտի ծննդատունը:

Մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ, որոնցից մեկը՝ մանկահասակ երեխա: Մարմնական վնասվածք է ստացել 141 մարդ:

Ադրբեջանական կողմը ոտնահարելով միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթները` Արցախի հանրապետության բնակչության դեմ կիրառում է արգելված զենքեր՝ կասետային եւ ռազմավիացիոն ռումբեր, գրադ եւ սմերչ հրթիռներ, պոլոնեզ եւ այլն:

Ադրբեջանաթուրքական ագրեսիայի թիրախում հայտնվում են նաեւ մարդասիրական առաքելություն իրականացնող անձինք: Իրենց մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել է Արցախի հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության 2 ծառայող, 15-ը վիրավորվել են: Վերջիններս կազդուրման փուլում են:

Երկու օր առաջ անօդաչու սարքի հարվածով շարքից հանվել է Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-մեքենան: Փրկարարները խմելու ջուր էին հասցնում մոտակա գյուղերի բնակիչներին: Բարեբախտաբար անձնակազմին հաջողվել է փրկվել:

Անցած 36 ծանր ու դժվար օրվա ընթացքում մեր փրկարարներն աշխատել են օրուգիշեր, թիկունքում կատարել ու կատարում են աներեւակայելի պատասխանատու աշխատանք:

Անկախ հրթիռակոծվող բնակավայրերից ու հնչող տագնապի ազդանշանից՝ փրկարարներն այնտեղ են, որտեղ օգնության անհրաժեշտություն կա:

Բավականին աշխատատար եւ բարդ գործընթաց է չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերումն ու ոչնչացումը, որն առաջիկայում եւս կշարունակվի: Ստեփանակերտում այդ աշխատանքի մեծ մասն արդեն ավարտված է:

Ռազմական գործողությունների ընթացքում Արցախի 150-ից ավելի բնակավայրի հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես տուժել է 11 600 մասնավոր անշարժ գույք, 1 600 մասնավոր շարժական գույք, 2 100 ենթակառուցվածք, հանրային եւ արտադրական նշանակության օբյեկտ, հոգեւոր ու մշակութային օջախներ:

Առայսօր թիրախավորվել ու ավերվել են 22 դպրոցական շենք, 7 մանկապարտեզ, 6 մշակութային օջախ։ Կրկնակի հարվածից ավերվել է Շուշիի «Սուրբ Ղազանչեցոց

Ամենափրկիչ» եկեղեցու գմբեթը, մասնակի վնասվել է Շուշիում գտնվող իրանական «Գոհար աղա» մզկիթը:

Սա պատերազմ է իր բոլոր գրված ու չգրված կանոններով: Բայց մեզ համար կարեւորը մարդկային կյանքերն են: Ավերվածը կվերականգնենք:

ԱՀ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Մեխակ Արզումանյան