Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

2632
Տարածել

2017 թվականի օգոստոսի կեսերին Հայաստանում գրանցված էր մոտ 18 500 արտադրական վտանգավոր օբյեկտ` ԱՎՕ, 2018 թվականի օգոստոսի կեսերին՝ մոտ 19 000, 2019 թվականի օգոստոսի կեսերին՝ մոտ 20 500: 2020 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 899 արտադրական վտանգավոր օբեյկտ: Վերջին երեք տարում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է մոտ 7 տոկոսով:

Տարեսկզբից մինչ օգոստոսի 14-ը Հայաստանում գրանցվել է 894 արտադրական վտանգավոր օբյեկտ. սառեցման համակարգ, էլեկտրական բազմաճախարակ, քիմիական նյութերի պահեստ, կաթսայատուն, պոլիէթիլենային շշերի փչման արտադրամաս, միաճոպան կախովի մարդատար ճոպանուղի, բեռնատար եւ մարդատար վերելակներ եւ այլն:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված, ապամոնտաժված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են. կամ կոնսերվացված են կամ դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների ավելի քան 30 տոկոսը (մոտ 8000) բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, բժշկական կենտրոնների, տարբեր արտադրական ձեռնարկությունների մարդատար եւ բեռնատար վերելակներն են: Իսկ մոտ 15 տոկոսը` մոտ 3500, տարբեր տեսակի կռունկները` կամրջակային, աշտարակային, օդադողային, ավտո եւ այլն: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր: