Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Քաղաքացիները գիշերել են հենակետում

Քաղաքացիները գիշերել են հենակետում

2830
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 476 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 123 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 23 կեղծ կանչ:

Փրկարարները 110 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 60-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Շենգավիթ, Էրեբունի, Կենտրոն, Արաբկիր, Նոր-Նորք, Աջափնյակ վարչական շրջաններում, Լոռիում, Շիրակում, Արմավիրում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 104 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 522 մարդ:

Այլ կանչեր

Արագածոտնի մարզի Ափնագյուղ-Քուչակ ավտոճանապարհին մեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ 30 մետր գլորվել ձորը։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դուրս բերել անվտանգ գոտի։

Պարույր Սեւակ գյուղ տանող ավտո­ճանա­­պարհին՝ ոլորանների հատվածում, խափանվել էր ավտոմեքենա։ 8 ուղեւոր տեղափոխվել են Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատ՝ գիշերակացի: Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղի տարածքում արգելափակված 9 քաղաքացիները նույնպես գիշերել են Ցողամարգ-Վարդաղբյուր հատվածում տեղակայված հենակետում։

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առաջացած շղթայական խցանումների ժամանակ գրանցվել է քաղաքացու ինքնազգացողության վատացում, ինչից հետո բժիշկներն արձանագրել են նրա մահը։