Գլխավոր Սպիտակ-30 Ճաք տված հողի տերերը

Ճաք տված հողի տերերը

3227
Տարածել

Սպիտակի երկրաշարժը հողին հավասարեցրեց Ստեփանավանի գրեթե ողջ բնակելի հատվածը․տարածաշրջանում զոհվեց մոտ 120 հոգի, ավելի քան 4000 ընտանիք անօթեւան մնաց։ «Դեկտեմբերի 7-ի երեկոյան պատանի տուրիստների խմբակի անդամները հագուստ բաժանեցին շենքերից դուրս մնացած երեխաներին ու պատսպարեցին վրանային ավանում մինչեւ ծնողներին գտնելը։ Վրանների օջախը միշտ վառ էր պահվում, մատուցվում էր տաք ճաշ։ Մարդիկ սկսեցին գերդաստանով տեղավորվել որեւէ մեկի ավտոտնակում, թեեւ, հնարավոր է, իրենց տներն ավելի անվտանգ էին։ Պետական ծրագրով համատարած տարհանմանը ոչ ոք չէր համաձայնվում, մինչեւ վերջին հարազատին չգտներ։ Միայն մեկ ամիս անց, կորստին համակերպվելով, շատերը տարբեր երկրներ մեկնեցին»,- վերհիշում է  Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրերի ղեկավար, Ստեփանավանի տուրիստական խմբակի նախկին ղեկավար, «Լոռէ» փրկարար ջոկատի հրամանատար Արմեն Առաքելյանը։

Հենց նույն օրը սկսվեցին որոնողական աշխատանքները: Ամբողջովին ավերվել էր «Չերյոմուշկա»  թաղամասը, փլվել էին մեկ մուտքով բազմահարկ նորակառույց շենքերը, հիվանդանոցի մասնաշենքը եւ Ստեփանավանի տարածաշրջանի Գյուլագարակ գյուղի դպրոցը։ Նույնիսկ տարիներ անց տեղացիները չեն մոռանում այն հերոս տղամարդուն, որը, փրկելով իր զավակին, փորձել էր օգնել մյուս աշակերտներին եւ մնացել  տեղում։

Հարազատին փլատակներից դուրս բերելու անօգնականության ֆոնին պարետային ժամը գույժի էր նմանվում։ Արմեն Առաքելյանը մտաբերում է՝ ինչպիսի դժվարությամբ էին մարդու վերջույթն ազատում քարերի ծանրությունից եւ օրեր անց տեղեկանում, որ նա այլեւս չկա։  Առաջին օգնության մասին ոչ ոք գաղափար չուներ, այնինչ պետք էր առաջին րոպեներին ընդամենը ռետինե լարան դնել։ Տեխնիկայի, հատող գործիքների պակասն առավել զգալի էր։ Հիշում է՝ գիշերօթիկ դպրոցին կից հանրակացարանում երկաթե մահճակալի տակ կին էր արգելափակվել։ Ոմանք փորձել էին զոդիչով կտրել կահույքը, փոխարենը բռնկում էր տեղի ունեցել՝ դժբախտ պատահարի պատճառ դառնալով։

Սննդի, ծածկոցների եւ վրանների կարիք Ստեփանավանում չկար։ Արտասահմանից ուղարկված էլեկտրական վառարաններն այդպես էլ ժողովրդին  չէին հասնում, փոխարենը տեղ էին գտնում «կոմունիստների պահեստներում»։ Վրացիներն ու վրացահայերը շրջում էին թաղերում, հաց, երշիկեղեն ու ջուր բաժանում աղետյալներին։ Երեք օր չանցած՝ ժամանեցին Գերմանական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչները։ Տարբեր ծրագրերով տարիներ շարունակ վերականգնողական աշխատանքներ ընթացան։ Ժամանակավոր տնակները չորս պատ դարձան անօթեւանների համար, բացվեց ժամանակավոր հիվանդանոց-պոլիկլինիկա՝ վիրահատարանով հագեցած հատուկ բժշկական մեքենայով։ Երկրաշարժի օրվանից ի վեր մեկ օր չդադարեցվեց շուրջօրյա բուժսպասարկումը։ Հունվարին վերականգնվեց դպրոցական առօրյան․ վրաններում նույնիսկ ջեռուցում անցկացվեց։  Ստեփանավանը կրկին շունչ ստացավ։

Տուրիստական թիմի կորիզը 1989 թվականի մարտին հիմք դրեց «Լոռէ» կամավոր փրկարար ջոկատին։ «Սկսեցինք գերմանացիների եւ ամերիկացիների մոտ աշխատել  փրկարարական գործիքների դիմաց։ Մեկ տարի անց գույք եւ փորձ ունեինք, իսկ 1991-ին վրացիների «պարտքը» տվեցինք։ Աջարիայում երկրաշարժից հետո  առաջինը հասանք աղետի գոտի, ուտելիք ու վրան բաժանեցինք, գեներատորով էլեկտրականություն ստացանք։ Երբ մտանք հիվանդանոց ու սեղանին շաղ տվեցինք ժամանակին մեզ բաժին հասած հարյուրավոր դեղերը, վրաց բժիշկը չէր դադարում մեր ձեռքերը համբուրել»,- ամփոփում է հրամանատարը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արմեն Առաքելյանը

 

Հ.Գ. Երբ շրջում ես Ստեփանավանի «Աշոտաբերդ»  թաղամասում, որտեղ 31 տարվա վաղեմության տնակներ են՝ խունացած պատերի հետեւում ապրող սերունդների երկարուձիգ սպասումով, հասկանում ես, թե որքան սեր կա այս ճաք տված հողում: