Գլխավոր Վերլուծություն Մշակվում են Ալավերդի, Ամասիա, Թումանյան, Բերդ համայնքների ԱՌԿ պլանները

Մշակվում են Ալավերդի, Ամասիա, Թումանյան, Բերդ համայնքների ԱՌԿ պլանները

878
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության վեց գործակալության (UNDP, UNICEF, UNIDO, IOM, WFP, FAO) համատեղ ջանքերով իրականացվող «Մարդկային անվտանգության բարելավումը ՀՀ համայնքներում» ծրագրի շրջանակներում մշակվում են Ալավերդի, Ամասիա, Թումանյան եւ Բերդ խոշորացված համայնքների Աղետների ռիսկի կառավարման պլանները։ Ծրագիրը ֆինանսավորում է ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամը։

Աղետների ռիսկի կառավարման պլանի նպատակն է համայնքում ստեղծել եւ զարգացնել ԱՌԿ համակարգ: ԱՌԿ համակարգը գործընթացների եւ գործառույթների ամբողջություն է, աղետներին դիմակայելու համայնքային կարողությունները զարգացնելու, վտանգները կանխելու եւ կանխարգելելու, այդ վտանգների հնարավոր բացասական ազդեցությունը նվազեցնելու, համայնքի կայուն զարգացման գործիքակազմ:

Ալավերդի, Ամասիա, Թումանյան եւ Բերդ համայնքների ԱՌԿ պլանի մշակման գործընթացը սկսվել էր այս տարվա օգոստոսից: Պլանները մշակող աշխատանքային խումբը, որում ընդգրկված են մասնագետներ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՄԱԿ-ից, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամից, եղել էր համայնքներում, հանդիպել համայնքների ղեկավարներին, աշխատող կազմակերպությունների ներկայացուցիչներին, հավաքել անհրաժեշտ տեղեկություններ: Համայնքների բոլոր բնակավայրերը քարտեզագրվել են անօդաչու թռչող սարքերով արված լուսանկարների միջոցով։ Այս քարտեզները որակապես ավելի բարձր որակի են, քան մինչ այդ օգտագործվող «Google map» ծրագրի քարտեզները:

Այսօրվա դրությամբ հստակեցված են․

Վտանգների, խոցելիության եւ կարողությունների սխեմաները՝ բնակավայր առ բնակավայր:

ԱՌԿ միջոցառումների տարեկան պլան-ժամանակացույցը:

Բացահայտված վտանգների հավանականության եւ ազդեցության աղյուսակը ըստ ամիսների:

Ստանդարտ գործողությունների ընթացակարգերը տարբեր վտանգների դեպքում:

ԱՌԿ պլանի «Համայնքի բնութագիր», «Համայնքի ընդհանուր վտանգների, խոցելիության նկարագրությունը, դրանց բացասական հետեւանքները եւ հնարավոր լուծումները», «Համայնքի կարողությունների նկարագիրը» եւ այլն:

Պլանները գրեթե պատրաստ են: Նախագիծը ես մեկ անգամ կշրջանառվի համայնքնապետարաններում, մարզպետարաններում,  մարզային փրկարարական վարչություններում եւ վերջնական տեսքի բերվելուց հետո կհաստատվի Ամասիա, Ալավերդի, Թումանյան եւ Բերդ խոշորացված համայնքների ղեկավարների որոշումներով։

Լուսանկարը տրամադրել է ԱՌՆԱՊ հիմնադրամը