Գլխավոր Միջոցառումներ Տարհանման վարժանք. երկրաշարժ եւ առաջին օգնություն

Տարհանման վարժանք. երկրաշարժ եւ առաջին օգնություն

1345
Տարածել

«Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետների դիմակայունության օրվան» նվիրված միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 6-ին Երեւանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոցում անցկացվեց տարհանման վարժանք: Ըստ սցենարի` տեղի է ունեցել երկրաշարժ. աշակերտական եւ ուսուցչական անձնակազմը տանհանվում է եւ կատարում հաշվառում: Գլխի, կզակի, թեւի եւ ոտքի վնասվածքներով չորս տուժած դուրս են բերվում պատգարակի եւ պարանների օգնությամբ: Նրանց ցուցաբերվում է առաջին օգնություն: Վարժանքին հետեւում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մարտական հաշվարկը, որը սիրով համաձայնել էր գույք տրամադրել:
Նախաձեռնությունը դպրոցի զինղեկ, ԱՕ ավագ հրահանգիչ, Արտակարգ իրավիճակների նախարարության նախկին սպա եւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի նախկին դասախոս Մերուժան Միքայելյանինն էր: Վերջինս կատակում է` դպրոցը «Նախնական զինվորական պատրաստության» թեքումով ուսումնական հաստատության համբավ է ձեռք բերել` վերջին տարիներին առարկայական  օլիմպիադաներում հաղթելու շնորհիվ: Տարբեր դասարաններում պարբերաբար անցկացվում են դասախոսություններ, արտակարգ իրավիճակների մասին ֆիլմերի ցուցադրություն:  Գործում է պատանի փրկարարների խմբակ, ուսուցանվում են փրկարարական հմտություններ, առաջին օգնություն, գետնանց, հրաձգություն եւ այլն: «Մենք` հայերս, դատապարտված ենք լավ զինվոր եւ փրկարար լինելու: Մեր բնությունը սիրում է անակնկալներ անել, եւ չիմացության հետեւանքով  բնական երեւույթը կարող է վերածվել աղետի: Ազգովի պետք է զբաղվենք երեխաների` անվտանգության կրթությամբ: Ես ծնողներին հաճախ ասում եմ` երեխան կարող է քիմիային կամ մաթեմատիկային լավ չտիրապետել,  բայց պարտավոր է արտակարգ իրավիճակներում ճիշտ գործել»,- նշում է Մերուժան Միքայելյանը:
Վարժանքը հնարավորինս իրականությանը մոտեցնելու համար ուսուցիչներն ու պատանի փրկարարները չէին տեղեկացվել տուժածների մասին: Ամեն ինչ անցել էր կազմակերպված: Աշակերտները ձեռքերի վրա շենքից դուրս էին բերել նաեւ  հենաշարժողական խնդիր ունեցող իրենց ընկերոջը:
Ներկա դրությամբ Երեւանի թիվ 56 հիմնական դպրոցում սովորում է 1060 աշակերտ: 2008 թվականին շենքը վերանորոգվել եւ ամրացվել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով: Մերուժան Միքայելյանի խոսքով` առայժմ բժշկական եւ փրկարարական գույքի պակաս կա: ԱԻ նախարարությանը կներկայացվի դիմում` ամրագոտիներ եւ սաղավարտներ տրամադրելու խնդրանքով:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարը տրամադրել են կազմակերպիչները