Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԼԻՏՎԱՑԻՆԵՐԸ՝ ՃԿՊԱ-ՈՒՄ

ԼԻՏՎԱՑԻՆԵՐԸ՝ ՃԿՊԱ-ՈՒՄ

909
Տարածել

Մայիսի 5-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էին այցելել Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, դեսպանատան այլ աշխատակիցներ՝ կանանց ու երեխաների ուղեկցությամբ՝ 15 հոգի: Նախաձեռնությունը հենց լիտվացիներինն էր, իրենք էին ցանկացել ներսից տեսնել եզակի բուհը:

Հյուրերը ծանոթացան ակադեմիայի հնարավորություններին, հայ փրկարարների տրամադրության տակ եղած սարքեր-սարքավորումներին, տեխնիկական միջոցներին՝ հանդերձանք, կտրող գործիքներ, պաշտպանիչ ակնոցներ և այլն: ՃԿՊԱ մշակույթի կենտրոնի դպրոցահասակ երեխաները ներկայացրեցին «Աղետիկը» երաժշտական բեմադրությունը, իսկ ակադեմիայի մասնագետները խոսեցին Հայաստանում առկա բնական և տեխնածին ռիսկերից, ազդարարման համակարգից, ճառագայթային վտանգներից, աղետի ժամանակ ճիշտ վարքականոնից, տարհանման կարգից, պաշտպանության անհատական միջոցներից: Թեմաները հետաքրքիր էին հյուրերին: Պարզվեց, որ լիտվացիները շատ են սիրում շրջել Հայաստանի տարբեր մարզերում և հատկապես տպավորված են Վայոց ձորով ու Սյունիքով. Նորավանք, Տաթև և այլն: Զբոսաշրջության սիրահար դեսպանն էլ հարցրեց. ինչպե՞ս է կազմակերպվելու դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների տարհանումը, եթե աղետ է եղել ոչ աշխատանքային օրը, և դիվանագետն էլ ոչ տանն է, ոչ աշխատավայրում, հեռավոր մի մարզում է: ՃԿՊԱ մասնագետները բացատրեցին, որ Հայաստանի քաղաքացիական պաշտպանության համակարգում սահմանված է տարհանման երկու տեսակ. աշխատավայրից և ըստ տարածքների: Ոչ ոք չի անտեսվի, ոչ ոքի չեն մոռանա:

Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասն այցի ավարտին ասաց, որ հանդիպումը կարևոր էր դիվանագետների և նրանց ընտանիքների համար. «Հայաստանի նման հյուրընկալ երկրում ծառայող դիվանագետներս և մեր ընտանիքները մշտապես զգում ենք ձեր ջերմությունը՝ թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական շփումներում»:

Ի նշան երախտագիտության դեսպանը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետներին նվիրեց լիտվացի՝ արվեստի պատմաբան, համեմատական արվեստի հետազոտության հիմնադիր Յարգիս Բալտրուշայտիսի և Կալիֆոռնիայի պետական համալսարանի հայոց պատմության և արվեստի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր Տիգրան Քույմջյանի «Ջուղան Արաքս գետի ափին և նրա հուշակոթողները» պատկերազարդ գրքի հայերեն տարբերակը: Յուրգիս Բալտրուշայտիսը Ջուղայի խաչքարերն ուսումնասիրել է 1920 թվականին, ուսումնասիրությունը անգլերեն լեզվով գրքի տեսքով հրատարակվել է 1986 թվականին Լիսաբոնում՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հովանավորությամբ: Գրքի հայերեն տարբերակը հրատարակվել է 2015 թվականին Երևանում: Դեսպան Էրիկաս Պետրիկասը հաճելիորեն զարմացել է, որ Հայաստանում Յուրգիս Բալտրուշայտիսին ավելի լավ են ճանաչում, քան հայրենիքում: Ցավոք, Յուրգիս Բալտրուշայտիսի ուսումնասիրած-լուսանկարած խաչքարերը հիմա չկան: 2005 թվականին ադրբեջանցի վանդալները մուրճերով ու ծանր շինարարական տեխնիկայի գործադրմամբ ոչնչացրեցին Ջուղայի խաչքարերը: