Գլխավոր Միջոցառումներ Ամենագնացների վարման դասընթացներ «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում»

Ամենագնացների վարման դասընթացներ «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում»

2354
Տարածել

Նոյեմբերի սկզբին «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի» ռուս մասնագետները կվադրոցիկլների վարման եւ պահպանման գործում վերապատրաստել են Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի՝ ՀՆՓԱԻԿ, 9 փրկարարի։ ՀՆՓԱԻԿ պետ, փ/ծ գնդապետ Հայկ Նաղդալյանի խոսքով՝ նախորդ տարի ռուսական կողմը կենտրոնին նվիրել էր STELS 800 G մոդելի չորս կվադրոցիկլ, որոնք ամենագնաց են, ներքին տաքացման համակարգի շնորհիվ կիրառելի են սառնամանիքի պայմաններում, իսկ բարձր թափքն ապահովում է անցողունակություն բարդ ռելիեֆային եւ քանդված ճանապարհներին։ Դրանք հարմար են լեռներում եւ անտառային հրդեհների ժամանակ փրկարարական աշխատանքների եւ հետախուզության իրականացման համար։ Այդուհանդերձ, թեթեւ քաշով տեխնիկան կարող է հեշտությամբ կողաշրջվել, այդ պատճառով վարորդների ամենօրյա պարապմունքներ են անցկացվում տարբեր արգելքներով վարժահրապարակում։

ՀՆՓԱԻԿ պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Ասրյանը հավելում է՝ եթե նման տեխնիկա լիներ տարիներ առաջ Խոսրովի անտառում բռնկված հրդեհի օրերին, ապա կրակի ծավալը եւ վնասի չափը կարելի էր նվազեցնել։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը