Գլխավոր Վերլուծություն Ավարտվում է անվտանգ ուսումնառության միջավայր երեխաների համար ծրագիրը

Ավարտվում է անվտանգ ուսումնառության միջավայր երեխաների համար ծրագիրը

2916
Տարածել

Ավարտին է մոտենում Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) համագործակցությամբ իրականացվող «Անվտանգ ուսումնառության միջավայր երեխաների համար եւ դեռահասների մասնակցությունը» 2019 թվականի սկզբին մեկնարկած՝ նվիրված Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 30-ամյակին:

Առաջին փուլով իրականացվել են

  • Ուսուցիչների վերապատրաստման մեկօրյա դասընթացներ Երեւանում եւ բոլոր 10 մարզկենտրոնում։ Քննարկվել է դիմակայուն շենքերի կառուցման, աղետների ռիսկի նվազեցման, կլիմայի փոփոխության հարմարվողականության եւ շրջակա միջավայրի կայունացման գործընթացներում դեռահասների մասնակցության, նրանց կյանքի հմտությունների ուսուցման եւ կամավորության զարգացման անհրաժեշտությունը։ Մայիսի 10-ից հունիսի 15-ը դասընթացներին մասնակցել է բոլոր մարզերի թիրախային ուսումնական հաստատությունների հասարակագիտության 335 ուսուցիչ, որոնք ստացել են երեխաների իրավունքների պաշտպանության մասին գործնական գիտելիքներ։
  • ԱՌՆ կրթության վերաբերյալ դասընթացներ՝ Ամասիա, Ալավերդի, Թումանյան եւ Բերդ թիրախային համայնքների 52 դպրոցի տնօրենների համար։ Քննարկվել են դպրոցի համալիր անվտանգության կոնցեպտը, աղետների ռիսկերի կառավարման հիմունքները, դպրոցի կառուցվածքային եւ ոչ կառուցվածքային ռիսկերը, գենդերային առանձնահատկությունները, ուսումնական հաստատությունների ԱՌՆ եւ ԱԻ գործելու պլանի կարեւորությունը։ Արձանագրված թերություններն էին ԱՌՆ վերաբերյալ տնօրենների գիտելիքի ցածր մակարդակը, ԱՌՆ նախաձեռնություններին առաջնահերթություն չտալը, ԱՌՆ պլանի մշակման գործում աշակերտների պասիվ ներգրավվածությունը եւ այլն։
  • Երկօրյա վերապատրաստման դասընթացներ Թումանյան, Ամասիա, Բերդ եւ Ալավերդի թիրախային համայնքների դպրոցների փոխտնօրենների, զինղեկների եւ ԱՌՆ ոլորտի այլ պատասխանատուների համար։ Մասնակցել են 52 դպրոցի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզային փրկարարական վարչությունների բնակչության պաշտպանության բաժնի աշխատակիցները՝ 111 հոգի։ Դասընթացների նպատակն էր նպաստել ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման պլանների ներդրման գործընթացին, աջակցել աղետներին պատրաստվածությանու կարողությունների զարգացմանը։ «Մասնակցություն եւ թիմային աշխատանք» խաղ-վարժանքի ընթացքում քննարկվել են ծնողների եւ երեխաների ներգրավվածությունը ԱՌՆ գործընթացներում, անվտանգ դպրոց ունենալու քայլերը, մեկ դպրոցի օրինակով մշակվել են ԱՌՆ պլաններ։
  • Չորս խոշորացված համայնքի 7 դպրոցում անվտանգության եւ աղետների ռիսկի նվազեցման գիտելիքների, կարողությունների եւ մոտեցումների ուսումնասիրություն ԱՌՆԱՊ փորձագետի կողմից։ Հարցաշար է տրամադրվել ուսուցիչներին, վարչական աշխատակիցներին եւ աշակերտներին՝ թվով 100 հոգու։ Արդյունքներից պարզ է դարձել, որ մանկավարժները եւ վարչական աշխատողները բավական տեղեկացված են իրենց համայնքին բնորոշ վտանգներից եւ արտակարգ իրավիճակում գործելու կանոններից, աշակերտներն ԱՌՆ եւ ԱԻ գործելու պլանի մշակման գործընթացներում քիչ են ներգրավվում, մասնակիցների կեսը չգիտի՝ ինչպես տարհանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, բոլոր դպրոցները կարիք ունեն ԱՌՆ տեղեկատվական նյութերի, դասագրքերի, սարքավորումների եւ այլն։ Առաջարկվել է հաճախ կազմակերպել ԱՌՆ վերաբերյալ դասընթացներ, տարհանման վարժանքներ:
  • Երկօրյա հրահանգչային դասընթաց դպրոցների եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ԱՌՆ պլանների ներդրման վերաբերյալ։ Մասնակցել է 26 փրկարար ծառայող բոլոր մարզային փրկարարական վարչություններից։

Երկրորդ փուլով՝ 2019 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին, կազմակերպվել են հանդիպումներ ուսուցիչների եւ աշակերտների հետ։ Խոսվել է համայնքային, սոցիալական եւ բնապահպանական հիմնախնդիրների բացահայտման եւ լուծման գործընթացներում դեռահասների քաղաքացիական ներգրավվածության, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի դրույթներին համայնքային ծրագրերի համապատասխանության, անվտանգ միջավայր ստեղծելու գործում դեռահասների առաջարկների եւ նախաձեռնությունների մասին։ Դպրոցների առաջին օգնության եւ հոգեբանական աջակցության թեմատիկ խմբերն ուսուցանվել են խաղաղ առօրյայում եւ արտակարգի իրավիճակում գործելու հմտություններ, դպրոցում եւ համայնքում առաջին օգնության գիտելիքի տարածման ուղղված քայլերը։

Ծրագրի համակարգող, ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանն ուշադրություն հրավիրեց լայնածավալ ծրագրի երկու կարեւոր բաղադրիչի վրա։ Առաջինը թիրախային համայնքների դպրոցների կառուցվածքային գնահատումն է, որի շրջանակներում վերանայվել է դպրոցների «Սեյսմիկ անվտանգության գնահատման սանդղակը» եւ 2016թ. ստեղծված ՀՀ դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատման ընդհանուր բազան: Հիմնադրամի հայտարարած մրցույթում հաղթել է «ՍԵՅՍՄԱՆԱԽԱԳԻԾ» ընկերությունը, որը մինչեւ տարեվերջ կլրամշակի Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության գնահատման սանդղակը, կմշակի դպրոցական շենքերի մաշվածության արագ գնահատման համար ուղեցույց, Ամասիա, Բերդ, Թումանյան եւ Ալավերդի համայնքներում կիրականացնի 52 դպրոցի շենքերի ակնադիտական հետազննություն։

Երկրորդ բաղադրիչը «Փոքր մասշտաբի դպրոցների նախագծման եւ կառուցման» հայեցակարգի մշակումն է։ Հայտնի է, որ դպրոցների ընդհանուր թվի 33 տոկոսը փոքր աշակերտական կազմ ունեցող դպրոցներն են: Այս դպրոցներում սովորում է աշակերտների 17 տոկոսը, մեկ սովորողի ծախսը էականորեն գերազանցում է հանրապետական միջին ցուցանիշը, աշակերտի եւ ուսուցչի հարաբերակցությունը խիստ անարդյունավետ է, առկա է շենքային հզորությունների ավելցուկ եւ այլն։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն արդեն հայտարարել է մրցույթ դպրոցի տիպարային շենքի նախագծման եւ ՀՀ մարզերի 22 համայնքում տեղակապման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար։

Արա Բարսեղյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում ամենաակտիվ նախաձեռնություններից է եղել դպրոցներում ԱՌՆ ցուցատախտակի ստեղծումը։ «Հասարակագիտության ուսուցիչների ուղղորդմամբ՝ աշակերտներն ուսումնասիրել են իրենց համայնքային խնդիրները եւ ոլորտի պատասխանատուների հետ հարցազրույցների հիման վրա առաջարկել լուծումներ։ Ցուցատախտակները տեսանկարահանվել են, տեսանյութերը՝ ուղարկվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ։ Հաղթած դպրոցների սաները հնարավորություն կունենան կառավարության անդամներին դեմառդեմ ուղղել իրենց հուզող հարցերը եւ ստանալ պատասխաններ»,- մանրամասնեց ԱՌՆԱՊ ներկայացուցիչը։

Իսկ այն դպրոցները, որոնք հաղթող չեն ճանաչվի, դեռ հնարավորություն ունեն մինչեւ տարեվերջ ներկայացնելու իրենց դպրոցում առկա ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկներ՝ 100 հազար դրամի սահմաններում։ Ֆինանսավորումը կիրականացնի UNICEF-ը:

Այս բոլոր քայլերը կօգնեն զարգացնել անվտանգության մշակույթ, դեռահասներին դարձնել ակտիվ եւ աշխատաշուկայում մրցունակ քաղաքացիներ։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ