Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ծառից կախված արկղը վտանգավոր չէր

Ծառից կախված արկղը վտանգավոր չէր

2207
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 400 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 133 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 15 կեղծ կանչ:

Փրկարարները 136 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90 փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Կենտրոն, Դավիթաշեն, Արաբկիր, Նոր Նորք, Աջափնյակ վարչական շրջաններում, Արմավիրում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ մեկ ահազանգ է ստացվել, սակայն օձ չի հայտնաբերվել: Արգելափակված երկու մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել երկու մարդ:

Այլ կանչեր. Լոռու փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ջիլիզա-Վրաստանի սահման ճանապարհին՝ «Ռսի Թալա» կոչվող հանդամասում, հայտնաբերվել է ծառից կախված արկղ։ Դեպքի վայր մեկնելուն զուգահեռ փրկարարներն ահազանգը փոխանցել են Զինված ուժերի ինժեներական ծառայությանը: Վերջինիս մասնագետները բացել են արկղը եւ հայտնաբերել էլեկտրոնային սարքավորում:

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ հաստատություններում կազմակերպել են «Հրդեհաշիջումը դպրոցում», «Հրդեհաշիջ­ման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմա­կեր­պումը եւ իրականացումը ՀԱԷԿ-ի թունելներում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը մանկապարտեզում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը բազմաբնակարան շենքում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը գազալցակայաններում» եւ այլ թեմաներով ուսումնավարժանքներ եւ դասընթացներ: