Գլխավոր Վերլուծություն ԱՌՆ դասընթացներ՝ դպրոցների փոխտնօրենների համար

ԱՌՆ դասընթացներ՝ դպրոցների փոխտնօրենների համար

2508
Տարածել

«Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակում հոկտեմբերին «Աղետներին պատրաստվածության եւ ռիսկերի նվազեցման քայլերի ուսուցումը մասնակցային եւ երեխայակենտրոն մոտեցումների միջոցով» թեմայով դասընթացներ են կազմակերպվել Ամասիա, Ալավերդի, Թումանյան եւ Բերդ համայնքերի թվով 52 դպրոցի փոխտնօրենների համար:

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF), Պարենի համաշխարհային ծրագրի (WFP), Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO), ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO), Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM), «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի համատեղ ջանքերով:

Ծրագրի նպատակն է աջակցել Ալավերդի, Ամասիա, Բերդ եւ Թումանյան խոշորացված համայքներում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացմանը՝ համայնքային դիմակայունության, սոցիալական պաշտպանության եւ ներառականության, տնտեսական եւ պարենային անվտանգության ուժեղացման, ապրուստի եւ կայուն տնտեսական հնարավորությունների զարգացման միջոցով։

Հոկտեմբերին անցկացված դասընթացների ընթացքում ներկայացվել է նաեւ «Դպրոցների աշխատակիցների համար, դպրոցների մասնաշենքերի ֆիզիկական մաշվածության արագ գնահատման» ուղեցույցը:

Դասընթացների առաջին մասում ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը եւ Քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչիկ Բրուտյանը մասնակիցներին բացատրել են ուսումնական տարբեր դասագրքերում աղետների ռիսկերի կառավարման (ԱՌԿ) բաղադրիչի ինտեգրման հարցերը, առարկաների միջեւ առկա կապերը, ԱՌԿ նյութերի դասավանդման առանձնահատկությունները եւ մեթոդաբանությունը:

Երկրորդ մասում ներկայացվել են զեկույցներ հետեւյալ թեմաներով՝ «Շենքերի ֆիզիկական մաշվածության գնահատման ուղեցույց», «Դպրոցի մասնաշենքերի ոչ կրող կոնստրուկտիվ տարրերի ֆիզիկական մաշվածության գնահատման մեթոդաբանություն», «Դպրոցների սեյսմիկ անվտանգության գնահատման բազայի լրացման ուղեցույց», «Դպրոցների շենքերի ֆիզիկական մաշվածության գնահատման ընթացքում կոնստրուկտիվ տարրերի առավել բնութագրական լուսանկարների պատրաստման ուղեցույց»: Նպատակն էր փոխտնօրեններին սովորեցնել գնահատել իրենց դպրոցի մասնաշենքերի ֆիզիկական մաշվածությունը, լրացնել «Դպրոցների սեյսմիկ անվտանգության գնահատման բազան», լուսանկարել դպրոցների շենքերի առավել բնութագրական վնասվածքները:

Դասընթացի շրջանակներում դպրոցների ներկայացուցիչներին տրամադրվել են նաեւ ԱՌՆ ուսումնական նյութեր, օժանդակ ձեռնարկներ, առաջին օգնության արկղեր:

Փաստաթղթերն օրեցօր համալրվում են։ Մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի «Դպրոցների սեյսմիկ անվտանգության գնահատման սանդղակը»։