Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Կանգառ՝ պատերազմի եւ խաղաղության միջեւ․ դրվագներ վետերանի կյանքից

Կանգառ՝ պատերազմի եւ խաղաղության միջեւ․ դրվագներ վետերանի կյանքից

731
Տարածել

Չընդհատվող կրակոցների, դիրքերում միակ որսորդական հրացանի համար հերթ կանգնած կամավորների, ռմբակոծությունից նկուղներում ապաստանած հարազատների մասին են Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում ծնված Արամայիս Քոսակյանի երիտասարդության հուշերը։

Ղարաբաղյան շարժման տարիներին, երբ Ադրբեջանի տարբեր շրջաններից  հայեր տեղափոխող ավտոբուսներն ու զինվորական «Կամազ» մեքենաները կանգնում էին Բերդի կենտրոնական հրապարակում, եւ տեղացիներն իրենց տուն էին ուղեկցում «սավանների» մեջ փաթաթված անօթեւաններին, բոլորը հասկանում էին, որ հայ ժողովրդի անվտանգ գոյության հարցն է դրված։

Արամայիս Քոսակյանը Ներքին գործերի նախարարության հրշեջ պահպանության վարչությունում էր աշխատում, իր իսկ ցանկությամբ գործուղվել էր Լվովի հրշեջ-տեխնիկական ուսումնարան, որտեղից 1992 թվականին վերադառնալուն պես կամավոր մեկնեց Լաչին։ Ղոչազ (Հոչանց) սարի տարածքում գերակա դիրքեր ունեցող հակառակորդը որոշել էր ամեն գնով գրավել Հայաստանն ու Արցախը իրար կարող Լաչինի միջանցքը։ Դեկտեմբերի 3-ի առավոտյան ռազմական գործողությունների արդյունքում 12 հայ կամավոր զոհվեց, որոնց դիերը միայն ապրիլին գտնվեցին եւ հանձնվեցին հողին։

«Հակառակորդը լեռան հետեւում էր, մյուս ջոկատների հետ կապ հաստատել չհաջողվեց։ Այդ օրը մորաքրոջս տղային կորցրի։ Փոխվեցին բնավորությունս, մտածելակերպս։ Ամբողջ կյանքումս ինչ-որ տեղ էի շտապում․ պատերազմը ստիպեց կանգ առնել, շուրջս նայել, օգնության ձեռք մեկնել կարիքավորին։ Այսօր ազատագրված տարածքներում մարդիկ լավ չեն ապրում։ Ընկերներիս հետ Արցախ մեկնելիս միշտ հարեւան-բարեկամից հագուստ ու կոշիկ ենք խնդրում նրանց համար»,- նշում է Արամայիս Քոսակյանը։

Ղոչազի մարտերից հետո ջոկատը շարունակեց իր հերթապահությունը Կուբաթլուի (ներկայումս՝ Որոտան) շրջանի «Կոբրա» կոչվող տարածքում։ Ազատամարտիկի խոսքով՝ Լվովում ձեռք բերած գիտելիքն ու  բարձր ֆիզիկական պատրաստությունը, արագ կողմնորոշվելու հմտությունը հաղթեցին ամենակարեւորին՝ մահվան վախին։

Ֆիդայական շարժումն ամբողջացավ, կազմավորվեց հայոց մարտունակ բանակը, որի տերը՝ 18-ամյա զինվորը, 2016 թվականին վերահաստատեց խաղաղ ապրելու իր պահանջը։ Հրամանատարը հպարտանում է՝ այսօրվա երիտասարդներն իրենց քաջությամբ գերազանցեցին նույնիսկ փորձառու ազատամարտիկներին։

Արդեն քանի տարի Արամայիս Քոսակյանը ղեկավարում է Արտակարգ իրավիճակների նախարարության վետերանների խորհուրդը։ Պատերազմի արհավիրքով անցած տղաներով հաճախ հիշում են իրենց  120-հոգանոց ջոկատը, գորիսեցի տատի ու պապի՝ թարմ հացի,  պանրի ու մարինացված լոլիկի հյուրընկալ սեղանը, պատերազմից հետո ստացած ամենախոշոր՝ 47 դրամ պարգեւատրումը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արամայիս ՔՈՍԱԿՅԱՆԸ