Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները գտել են կորած տատիկին

Փրկարարները գտել են կորած տատիկին

2329
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 433 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 150 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 14 կեղծ կանչ: 

Փրկարարները 146 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 100-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Արաբկիր, Դավիթաշեն, Շենգավիթ, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն վարչական շրջաններում, Շիրակում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 5 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 3 դեպքում: Արգելափակված 2 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 2 մարդ:

Այլ կանչեր. Արարատի փրկարարները ահազանգ են ստացել, կորել է Ազատավան  գյուղի հիշողության կորստով տառապող 78-ամյա մի բնակչուհի: Փրկարարներն ու գյուղի բնակիչները տատիկին գտել են նույն մարզի Ոստան գյուղում եւ ուղեկցել են իր բնակության վայր: Լոռվա փրկարարներն ահազանգ են ստացել, որ Հարթագյուղի մատույցներում գտնվող «Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին քաղաքացու ոտքը կոտրվել է, սարալանջից իջեցնելու եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները 59-ամյա կնոջը պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Սյունիքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Քարահունջ գյուղում խոշոր եղջերավոր անասունը ժայռից կախվել է, հանելու համար անհրաժեշտ է օգնություն: Հրշեջ-փրկարարները ժայռից իջեցրել են կենդանուն:

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ հաստատություններում կազմակերպել են «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացում ու տարհանում», «Հրդեհաշիջման եւ վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը նավթամթերքների պահեստներում» եւ այլ թեմաներով ուսումնավարժանքներ եւ դասընթացներ: