Գլխավոր Վերլուծություն ALTER. Դաշտային վարժանքներ՝ «Պետություն-մասնավոր գործընկերություն» ձեւաչափով

ALTER. Դաշտային վարժանքներ՝ «Պետություն-մասնավոր գործընկերություն» ձեւաչափով

2612
Տարածել

2018 թվականի փետրվարից Հայատանում իրականացվում է «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագիրը: 

Նախաձեռնության հեղինակը Եվրոպական միությունն է, ներգրավված են մասնագետներ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ հիմնադրամից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Կիպրոսի եվրոպական համալսարանից, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության հետազոտական կենտրոնից եւ Աթենքի ազգային աստղադիտարանից: Ծրագրի նպատակն է աղետների ռիսկի կառավարման ոլորտում պետություն-մասնավոր գործընկերության միջոցով բարձրացնել համայնքների դիմակայունությունն աղետների նկատմամբ:
Ծրագրի շրջանակներում 2019 թվականի ամռանը անցկացվեցին շտաբային վարժանքներ, Իսկ հոկտեմբերի 29-ին, 30-ին եւ նոյեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան, Կապան եւ Լոռու մարզի Ախթալա համայնքներում անցկացվեցին դաշտային ուսումնավարժություններ։

Սիսիան համայնքում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության, Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի, Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի, Սիսիանի բժշկական կենտրոնի, համայնքային ոստիկանության ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ կողմերի շտաբային քննարկումից հետո մեկնարկեց գործնական մասը։ Ըստ սցենարի՝ ուժեղ երկրաշարժի հետեւանքով փլուզվել է Սպանդարյանի ջրամբարի պատվարը, անհրաժեշտ է կազմակերպել բնակչության տարհանում եւ պաշտպանական միջոցառումներ։ 

Սիսիան, Շաղատ, Բալաք, Ույծ, Շամբ եւ Որոտնավան բնակավայրերում ծավալվեցին ուսումնական կետեր, իրականացվեցին պետական մարմինների, բնակչության ազդարարում եւ իրազեկում, Սիսիանի պետական քոլեջի եւ մյուս կրթական հաստատությունների անձնակազմի տարհանում, տուժածներին առաջին օգնության ցուցաբերում, հրդեհաշիջման, փրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքներ։

Կապան համայնքում ուսումնավարժության թեման ուժեղ երկրաշարժի հետեւանքով Գեղիի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումն էր։ Ներգրավված էին ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության եւ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ծառայողներ, ԱՌՆԱՊ հիմնադրամի, բժշկական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների եւ կոմունալ ծառայությունների ներկայացուցիչներ: Ըստ սցենարի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը կատարեց ազդակիր համայնքների եւ բնակչության ազդարարում։ Օպերատիվ շտաբի տեղակայման վայր տարհանվեցին ջրածածկման գոտում գտնվող մարզպետարանի, Կապանի համայնքապետարանի, Սյունիքի մարզային փրկարարական վարչության եւ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի, համայնքային ոստիկանության անձնակազմը։ Կապանի պոլիկլինիկայի եւ պետական քոլեջի անձնակազմը տարհանվեցին նախանշված հավաքատեղի։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացրեց Գեղիի ջրամբարի փլուզված պատվարի եւ Արծվանիկի պոչամբարի, իսկ «Չաարատ Կապան» ընկերությունը՝ Գեղանուշի պոչամբարի վիճակի գնահատում եւ կանխարգելիչ միջոցառումներ։ Տվյալները հաղորդվեցին շտաբին։ Նման մասշտաբով տարհանում իրականացվում էր առաջին անգամ։

«Ախթալա համայնքում ուժեղ երկրաշարժի եւ երկրաշարժի հետեւանքով Նահատակ պոչամբարի երկրորդ դամբայի վնասման դեպքերում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը» թեմայով դաշտային վարժանքին մասնակցեցին ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության եւ Լոռու մարզային փրկարարական վարչությունների, «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ընկերության Ախթալայի ջոկատի ծառայողները, ԱՌՆԱՊ հիմնադրամի, բժշկական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, նախադպրոցական, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, այլք։ Ըստ սցենարի՝ Ախթալա համայնքում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից մասամբ փլուզվել են տասնյակ շենք-շինություններ, մասնակի վնասվել է Ախթալայի բժշկական կենտրոնը, դպրոցներ եւ մանկապարտեզներ, կան շրջված հոսանքի եւ կապի սյուներ, փլուզումների եւ քարաթափումների արդյունքում փակված ճանապարհներ։ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի Շամլուղի պղնձի հանքավայրում տեղի է ունեցել փլուզում, ինչից հանքավայրի 3 աշխատակիցներ մնացել են փլատակներում։ Պոչամբարի երկրորդ պատվարի պատռման վտանգ կա։ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատն իրականացրեց պոչամբարի երկրորդ պատվարի կայունացման եւ վերականգնման աշխատանքներ, տուժածները դուրս բերվեցին եւ ստացան համապատասխան օգնություն։ 

ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանի խոսքով՝ վարժանքներն անցան բարձր մակարդակով, մասնակիցները գործեցին հմտորեն եւ ներկայացրին բովանդակալից զեկույցներ։ Այդուհանդերձ բնակչության պատրաստվածության խնդիրն արդիական է մնում։ Խուճապը բացառելու համար ոչ մի համայնքում մեծածավալ ազդարարում, որպես այդպիսին, չիրականացվեց։ «Բնակիչները դիտորդի պես հետեւում էին ողջ գործընթացին։ Պետք է հասնենք նրան, որ ամբողջ քաղաքի մասշտաբով ազդարարում տանք, եւ խառնաշփոթ չստեղծվի։ Օրինակ՝ Ախթալա համայնքում, որն ավելի կտրված է, կան սողանքային երեւույթներ, ուժեղ երկրաշարժի դեպքում ճանապարհները կփակվեն։ Այդ ժամանակ միայն բնակիչները կարող են միմյանց օգնել մինչեւ փրկարար ուժերի ժամանելը։ Պետք է նրանց ուսուցմանը մեծ ուշադրություն դարձնել»,- նշեց Արա Բարսեղյանը։

Ոչ պակաս կարեւոր խնդիր է ջրածածկման գոտում գտնվող Սյունիքի մարզային փրկարարական վարչության եւ Կապանի ՀՓՋ-ի տեղակայությունը, որի մասին բարձրաձայնել են ALTER ծրագրի հյուրերը։ Ավելի նպատակահարմար է փրկարարներին այլ տեղ շենք եւ տարածք հատկացնել:

Դաշտային վարժանքները ցույց տվեցին, որ մասնավոր ընկերությունները պատրաստ են ակտիվորեն ներգրավվել ռիսկերի նվազեցման գործում, համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ, տրամադրել տեխնիկա եւ մարդկային ուժ։ Ծրագրի շրջանակում Սիսիան եւ Ախթալա համայնքները նվեր ստացան բարձախոսներ մինչեւ միասնական ազդարարման համակարգ ներդրումը։ 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները