Գլխավոր Վերլուծություն INSARAG-ը կատարելագործում է մեթոդաբանությունը, Հայաստանը մտադիր է ՄԱԿ-ի հավատարմագիր ստանալ

INSARAG-ը կատարելագործում է մեթոդաբանությունը, Հայաստանը մտադիր է ՄԱԿ-ի հավատարմագիր ստանալ

3001
Տարածել

Հոկտեմբերի 23-25-ը Իտալիայում անցկացված Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո գործող «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) «Աֆրիկա-Եվրոպա-Միջին Արեւելք» տարածաշրջանային համաժողովին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը:

Մեզ հետ զրույցում, վերջինիս ասաց, որ համաժողովին մասնակցել է ավելի քան 3 տասնյակ երկրի (Ավստրիա, Ալժիր, Ավստրալիա, Արաբական միացյալ էմիրություններ, Բելգիա, Դանիա, Գերմանիա, Թունիս, Կիպրոս, Լեհաստան Նեպալ, Շվեյցարիա, Իտալիա, Իսլանդիա, Վրաստան, Ֆինլանդիա եւ այլն) ներկայացուցիչ եւ փորձագետներ Եվրամիությունից, Միավորված ազգերի կազմակերպությունից, փրկարարական գույք արտադրող եւ խորհրդատվություն տրամադրող կազմակերպություններից:

Հավաժողովում քննարկվել են INSARAG-ի որակավորում ունեցող թիմերի աշխատանքի մեթոդոլոգիային, վարժանքներին, տվյալների համաքման KOBO համակարգին առնչվող եւ այլ հարցեր:

INSARAG-ի չափանիշներով սահմանվում է, որ քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թեթեւ թիմը՝ 20 հոգի, պետք է ունակ լինի աղետի գոտում մեկ տեղամասում 7 օր շարունակ օրական 12 ժամ աշխատանքներ իրականացնել, միջին թիմը՝ 50 փրկարար՝ մեկ տեղամասում 7 օր շարունակ աշխատել 24-ժամյա ռեժիմով, իսկ ծանր թիմը՝ 80-100 փրկարար՝ երկու տեղամասում 10 օր աշխատել 24 ժամյա ռեժիմով: Եթե միջին եւ ծանր թիմերը անցնում են INSARAG-ի արտաքին որակավորում եւ համալրված են փրկարարներով, ապա թեթեւ թիմերը հասարակական-կամավորական միավորներ են, որտեղ հավաքված մարդիկ աշխատում են այլ կազմակերպություններում, սակայն փրկարարական կարողություններ, գիտելիքներ ունեն: Աղետներին արձագանքման պատմությունը ցույց է տալիս, որ ամենաարագը տեղ են հասնում թեթեւ թիմերն ու աղետից հետո «ոսկե ժամանակը»՝ աղետին հաջորդող առաջին ուժ ժամը, ամբողջությամբ չի կորում: INSARAG-ի քարտուղարությունը մտադիր է 2020 թվականից արտաքին որակավորում տալ նաեւ թեթեւ թիմերին: Գերմանական եւ թուրքական մեկական թեթեւ թիմ արդեն պատրաստվում է որակավորման ներկայանալ: Թեթեւ թիմերի արտաքին որակավորում անցկացնելը կդառնա հասարակական կամավորական փրկարարական թիմերի զարգացման խթան:

Սրանից բացի INSARAG-ում քննարկվում է ՔՈՓ թիմերին լրացուցիչ ճկունություն հաղորդելու հարցը, որպեսզի վերջիններս կարողանան ոչ միայն որոնողափրկարարական, այլ նաեւ՝ մարդասիրական աշխատանքների մասնակցել, աջակցել տուժած երկրին վրանային ճամբարի կազմակերպմանը, սննդի բաշխման եւ նման այլ հարցերում: 2020 թվականին Լեհաստանի մայրաքաղաքում կանցկացվի INSARAG-ի տարածաշրջանային խմբերի հերթական տարեկան համաժողովը, որի ժամանակ էլ հստակ կձեւակերպվեն նշված բոլոր առաջարկները:

INSARAG-ի՝ Իտալիայում անցկացված տարածաշրջանային համաժողովում խոսվել է 2018 թվականին՝ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով Հայաստանում անցկացված միջազզգային վարժանքի մասին: Արձանագրվել է, որ Հայաստանի վարժանքը կազմակերպվել եւ անցկացվել է բարձր մակարդակով: INSARAG-ի քարտուղարությունը Հայաստանին առաջարկում է չբավարարվել, կանգ չառնել, մտածել միջին թիմը ծանր թիմի վերակազմակերպելու մասին: Սա ապագայի խնդիր է. ծանր թիմը պիտի ավելի շատ տեխնիկական միջոցներ, օտար լեզուների տիրապետող անձնակազմ ունենա: Հայաստանը մտադիր է այլ ուղղություն զարգացնել, 2021 թվականին ստանալ ՄԱԿ-ի հավատարմագիր, որը թույլ կտա ազգային թիմերին որակավորել եւ տալ INSARAG-ի՝ չափանիշներով արտաքին որակավորում: Մեզ հավատարմագիր տալու համար INSARAG-ը կգնահատի մեր փրկարարական կարողությունները:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ