Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Թունավորումներ․ օձեր

Թունավորումներ․ օձեր

747
Տարածել

Հայաստանում հանդիպում է 21 տեսակ օձ, որոնցից թունավոր են իժերի ընտանիքը։

  • Տափաստանային իժը (Vipera ursine renardi)
  • Դարեւսկու իժը (Vipera darevsky)
  • Փոքրասիական իժը (Vipera xanthina)
  • Անդրկովկասյան գյուրզան (Vipera lebetina)

Այդ օձերի թույնն ազդում է հյուսվածքների վրա, քայքայում արյան կարմիր բջիջները, խախտում արյան մակարդելիությունը։

Կան նաեւ մողեսանման օձն ու կատվանման օձը, որոնք վտանգավոր են մանր կենդանիների համար։ Թունավոր են համարվում այն օձերը, որոնց վերին ծնոտի առջեւի մասում տեղավորված 2 խոշոր ժանիքանման ատամները կապված են թունավոր գեղձերի հետ։ Գոյություն ունեն որոշ արտաքին հատկանիշներ, որոնցով կարելի է թունավոր օձը տարբերել ոչ թունավորից։ Սակայն ոչ  մասնագետի համար հեշտ չէ նկատել այդ հատկանիշները։

Տափաստանային իժը թունավոր օձ է՝ մարդու համար վտանգավոր, սակայն այս օձի կծածից մահվան դեպք դեռ գրանցված չէ։ Անդրկովկասյան գյուրզան շատ թունավոր օձ է, որի կծածից բազմաթիվ մահացության դեպքեր են լինում։

Թունավոր օձերի կծածների դեպքում տուժածի վիճակի ծանրության աստիճանը կախված է մի շարք գործոններից՝ օձի տեսակից, չափից, տարիքից, տարվա եղանակից (օձերն առավել վտանգավոր են ամռանը), օձի վերջին անգամ սնվելուց հետո անցած ժամանակահատվածից (դրանով է պայմանավորված գեղձերում կուտակված թույնի քանակը), կծածների քանակից, խորությունից եւ տեղակայումից։ Առավել վտանգավոր են պարանոցի եւ գլխի շրջանում կծածները, քանի որ այտուցի հետեւանքով կարող է առաջանալ վերին շնչուղիների անցանելիության խանգարում։ Լուրջ են նաեւ իրանի եւ ձեռքի վերին հատվածների կծածները, որովհետեւ այդ դեպքում թույնը շատ արագ տարածվում է ամբողջ մարմնում։ Այն դեպքերում, երբ օձի թույնը ներարկվում է անմիջապես արյունատար անոթի մեջ, տուժածի վիճակը շատ արագ է վատթարանում։ 

Օձի կծածի նշաններն են՝ կծած տեղում ցավ եւ  այրոց, այտուց, որը հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով, կծած տեղի մաշկի գույնի փոփոխություն՝ կարմրություն, սաստիկ թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, արյունահոսություն բերանից, քթից եւ հետանցքից, տեսողության, խոսքի եւ շնչառության խանգարումներ, վերջույթների մկանների թուլություն կամ զգայունության կորուստ։

Ոչ թունավոր օձերի կծածների դեպքում լիովին բավական է վերքը մշակելը, ինչպես ցանկացած փոքր վերք, իսկ թունավորի դեպքում կարեւոր է ժամանակին ճիշտ օգնության ցուցաբերումը։

  • Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք կծած տեղի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից (չի կարելի սեղմել վերքի վրա): Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Դադարեցրեք սեղմել, երբ վերքից այլեւս արյուն դուրս չի գալիս։
  • Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակը խթանում է սրտանոթային համակարգի աշխատանքը, արագացնում արյան շրջանառությունը՝ նպաստելով թույնի տարածմանը մարմնում եւ բարդացնելով վիճակը։
  • Հանեք բոլոր զարդերն ու ճնշող իրերը (մատանի, ժամացույց եւ այլն)։
  • Եթե օձը կծել է վերջույթը, ապա անշարժացրեք այն եւ պահեք սրտի մակարդակից ցածր։
  • Սահմանափակեք տուժածի շարժումները, պառկեցրեք կամ նստեցրեք նրան։
  • Տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկ՝ հյութ, թան, թեյ եւ այլն։ Խստիվ արգելվում է ոգելից խմիչք տալը։
  • Ահազանգեք շտապօգնություն, վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները եւ դրանք փոխանցեք բժիշկներին։