Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փոսից

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փոսից

410
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 826 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված մեծ է հրդեհների քանակը, գրանցվել է 469 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 29 կեղծ կանչ:

Փրկարարները 178 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 100-ը` փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Կենտրոն, Արաբկիր վարչական շրջաններում եւ Արարատում: Տարբեր վայրերում արգելափակված  (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 6 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 5 մարդ: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 34 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 13 դեպքում:

Այլ կանչեր.

Թալինի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Թումանյան փողոցում այրվում է հացատուն: Տեղում պարզվել է, որ թիվ 6 տան բակում խորովածի ծուխը թողել է հրդեհի տպավորություն:

Արտաշատի փրկարարներն արձագանքել են Նորաշեն գյուղի բնակչի կանչին եւ մատանին դուրս բերել նրա մատից:  Նույն օրն ահազանգ է ստացվել, որ Մրգավան գյուղի բնակիչն ընկել է մոտ 4 մ խորությամբ փոսը: Փրկարարները դուրս են բերել տուժածին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: