Գլխավոր Նորություններ ՄԵԾ ՔԱՅԼ ԱՌԱՋ

ՄԵԾ ՔԱՅԼ ԱՌԱՋ

607
Տարածել

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելու է շրջանակային համաձայնագիր: «Համապարփակ և ընդլայնված  գործընկերության համաձայնագիրը» նախաստորագրվել է մարտի 21-ին: Համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկեցին 2015-ի դեկտեմբերից, այն բանից հետո, երբ նույն թվականի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ տրամադրեցին Հայաստանի և Եվրամիության միջև նոր համաձայնագիիր ստորագրելու շուրջ բանակցություններ սկսելու համար: Եվրամիությունը վերանայեց հարևանության քաղաքականության, այդ թվում՝ Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների իր ռազմավարությունը՝ որդեգրելով առավել տարբերակված մոտեցման սկզբունքը: Համաձայնագրի քաղաքական մասը հաջողվեց բավական արագ համաձայնեցնել՝ ելնելով նրանց, որ այն հիմնվում է և գրեթե կրկնում է բանակցված, համաձայնեցված 2013 թվականի Ասոցացման համաձայնագիրը: Առավել երկար տևեց համաձայնագրի մյուս, ոչ պակաս կարևոր՝ տնտեսական մասի համաձայնեցումը, որը կոչված էր ամրագրել Հայաստան-Եվրամիություն տնտեսական հարաբերությունների հնարավորինս բարձր մակարդակը՝ արդեն հաշվի առնելով մեր երկրի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Նշենք, որ Արևելյան գործընկերության երկրներից Հայաստանն առաջինն է, որին հաջողվեց Եվրամիության հետ արդյունավետ երկխոսության միջոցով հասնել Ասոցացման համաձայնագրերի նկատմամբ այլընտրանքային ձևաչափով հարաբերությունների զարգացմանը:

Այս համաձայնագիրը փոխարինելու է ներկայումս գործող Հայաստան-Եվրամիություն «Գործընկերության և գործակցության համաձայնագրին»: Այս համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանն ամրագրում է իր հավատարմությունը եվրոպական արժեհամակարգին, երկրում բարեփոխումներն առաջ մղելու իր մտադրությանը:

Այս համաձայնագիրն ընդլայնելու է Եվրամիության հետ համագործակցությունը՝ բիզնես միջավայրի ընդլայնման, ներդրումների ներգրավման, եվրոպական կառավարման մշակույթի ներդրման և այլ ուղղություններով:

1590 էջանոց այս համաձայնագրի ստորագրմամբ, վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքով՝ «դեպի առաջ մեծ քայլ կկատարենք», որից հետո մեր ձեռքում կլինի նախատեսված 1000 ու մի հնարավորությունների օգտագործումը:

Առաջին անգամն է, որ Եվրամիությունը համաձայնագիր է կնքում մի պետության հետ, որը միաժամանակ ԵԱՏՄ անդամ է: Իսկ դա մեծ հնարավորություն է եվրոպական երկրների համար՝ Հայաստանում բիզնես միջավայրի ընդլայնմամբ ԵԱՏՄ երկրների հետ առևտրատնտեսական նոր հարաբերություններ ձևավորելու համար:

Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը բրյուսելյան գագաթնաժողովի կարևորագույն իրադարձություններից մեկն է լինելու:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որ արդեն ժամանել է Բրյուսել, այս տարվա սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը ստորագրելու է համաձայնագիրը:

Սպասենք Հայաստանի դեպի առաջ մեծ քայլին:

Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» քաղաքացիական պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման հատվածի մասին՝ մեր թերթի առաջիկա համարներից մեկում: