Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները գտել են մոլորված քաղաքացիներին

Փրկարարները գտել են մոլորված քաղաքացիներին

2295
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 272 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 54 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 9 կեղծ կանչ:

Փրկարարները 123 կենցաղային կանչ են ստացել, որից 78-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Աջափնյակ, Ավան, Կենտրոն, Նոր Նորք, Շենգավիթ, Դավիթաշեն վարչական շրջանների եւ Լոռու փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում արգելափակված 3 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 3 մարդ: Երկու օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք:

Այլ կանչեր. Տավուշի փրկարարներն ահազանգ են ստացել, որ երկու քաղաքացի Հովք գյուղի մոտակա անտառում սունկ հավաքելիս մոլորվել են: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական մեկ հաշվարկ են մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին եւ ուղեկցել իրենց ավտոմեքենայի մոտ: